GDELS ընկերությունը Գերմանիայի զինված ուժերին է հանձնել 500-րդ Eagle զրահամեքենան

Ամերիկյան General Dynamics ընկերության եվրոպական մասնաճյուղը՝ General Dynamics European Land Systems-ը, Գերմանիայի զինված ուժերին է հանձնել 500-րդ Eagle-4 զրահամեքենան, ինչը նախատեսված էր ընկերության ու Գերմանիայի ՊՆ-ի 2008-ին կնքած պայմանագրով: Այս մասին հայտնում է ընկերության կայքը:

Գերմանիայի զինված ուժերի 500-րդ Eagle զրահամեքենան

Գերմանիայի զինված ուժերի 500-րդ Eagle զրահամեքենան

Պայմանագրով կողմերը պայմանավորվել էին, որ արտադրողը մի քանի խմբաքանակով Գերմանիայի զինված ուժերին պիտի տրամադրի 495 միավոր Eagle-4 հրամանատարական զրահապատ մեքենաներ, որոնք Eagle-5 մեքենաների նախորդ տարբերակն են: Հին տարբերակը գնելը գերմանական կողմը հիմնավորում էր նրանով, որ անձնակազմերն արդեն տիրապետում են մեքենային ու կարիք չի լինի նրանց լրացուցիչ ուսուցանել, իսկ սպասարկման ենթակառուցվածքների առկայության պարագայում մեքենաների սպասարկման ծախսն ավելի քիչ կլինի:

Պատվիրած մեքենաները Գերմանիան կիրառելու էր զինված ուժերի խաղաղապահ առաքելությունների ժամանակ, ինչպես օրինակ Հինդուկուշի լեռնազանգվածում՝ Աֆղանստանի ու Պակիստանի սահմանին, որտեղ ՆԱՏՕ-ի ուժերը պայքարում էին Ալ-Կաիդայի ահաբեկիչների դեմ:

Հետագայում Գերմանիան պատվիրեց նաև 76 միավոր Eagle-5 զրահամեքենաներ, որոնց տրամադրումը պիտի ավարտվի 2015-ին:

4×4 ընթացամասով Eagle-ը զրահամեքենաների ընտանիք է, որոնցից ներկայում առկա է եվրոպական մի քանի երկրների սպառազինության մեջ։ Այն հիմնականում օգտագործվում է որպես հրամանատարական մեքենա: Զրահամեքենայի տանիքին տեղադրված է հեռակառավարվող մարտական հանգույց, որը զինված է 7,62 կամ 12,7 մմ գնդացրով։ Մեքենայի անձնակազմը 4 հոգի է, զանգվածը՝ մոտ 7 տոննա։ Մեքենայի զրահն ապահովում է ՆԱՏՕ-ի STANAG 4569 2Ա մակարդակի պաշտպանություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *