ՌԴ «Պյոտր Վելիկիյ» հրթիռային հածանավը վարժանքներ է իրականացրել Միջերկրական ծովում

ՌԴ ռազմածովային ուժերի «Պյոտր Վելիկիյ» ծանր միջուկային հրթիռային հածանավը մի շարք վարժանքներ է իրականացրել Միջերկրական ծովի ջրային տարածքներում։ 

«Պյոտր Վելիկիյ» ծանր հրթիռային հածանավը

«Պյոտր Վելիկիյ» ծանր հրթիռային հածանավը

Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդել է ՌԴ Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ, 2-րդ կարգի կապիտան Եվգենի Կիրիլովը։

Նա շեշտել է. «Հածանավի անձնակազմը վարժանքների ընթացքում ռադիոտեղորոշման համակարգերով հայտնաբերել է ծովային թիրախը, հետևել դրա շարժին, ապա ոչնչացրել «Գրանիտ» հականավային համակարգով»։ Բացի այդ, նրա խոսքերով՝ հածանավի հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ ոչնչացվել են օդային թիրախները։

Հիշեցնենք, որ «Պյոտր Վելիկիյ» ծանր հրթիռային հածանավը դուրս է եկել Սևերոմորսկ քաղաքից 2013-ի հոկտեմբերի 22-ին։ Այս ընթացքում հածանավն անցել է 25 հազար ծովային մղոն տարածություն՝ 3 անգամ կայանելով Կիպրոսի Լիմասոլի նավահանգստում։ 2013-ի հոկտեմբերի 1-ին «Պյոտր Վելիկիյ» հածանավը համալրել է ՌԴ ՌԾՈւ Միջերկրական ծովում տեղակայված նավախումբը։ Շուրջ կես տարի ժամանակահատվածում նավը մասնակցել է Սիրիայի կառավարությանը պատկանող քիմիական զենքի պաշարների անվտանգ դուրսբերման 13 գործողությունների՝ համագործակցելով չինական, դանիական և նորվեգական ռազմանավերի անձնակազմերի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *