ՌԴ Կասպյան նավատորմիղը կհամալրվի 2 նոր փոքր հրթիռային նավերով

ՌԴ երկու նոր փոքր հրթիռային նավեր՝ 21631 «Բույան» նախագծի «Գրադ Սվիյաժսկ» և «Ուգլիչ» նավերը, հաջողությամբ ավարտել են պետական փորձարկումները, և մինչև ընթացիկ տարվա վերջ, թերևս՝ մինչև հուլիսի 1-ը, դրանք կընդգրկվեն Կասպյան նավատորմիղի կազմում։

21631 «Բույան» նախագծի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավ

21631 «Բույան» նախագծի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության աշխատակցի ներկայացրած տվյալներին, փորձարկումների ընթացքում հրթիռային նավերի անձնակազմերը հրետանային հարձակումներ են իրականացրել ծովային և օդային թիրախների ուղղությամբ։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության աշխատակիցը մանրամասնել է՝ նման ռազմանավեր Կասպյան նավատորմիղը դեռևս չունի։ «Ծրագրում ենք մինչև տարվա վերջ ավարտել նաև «Վելիկիյ Ուստյուգ» փոքր հրթիռային նավի փորձարկումները, այն ևս հանձնել նավատորմիղի շահագործմանը, բացի այդ էլ, մինչև 2020-ը Կասպյան նավատորմիղը, համապատասխան մեր ծրագրերի, կունենա արդեն 6 միավոր համանման նավ»,-շեշտել է նա։

Հավելենք, որ 21631 նախագծի «Բույան-Մ» ռազմանավերը հանդիսանում են 21630 «Բույան» նախագծի արդիականացված տարբերակները, կառուցվում են հատուկ ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի համար՝ հաշվի առնելով Վոլգա գետի և Կասպից ծովի առանձնահատկությունները։ Ի տարբերություն իրենց նախորդների՝ սույն նոր ռազմանավերն աչքի են ընկնում մեծ ջրատարողությամբ և օժտված են առավել ճշգրիտ խոցող, մեծ հեռահարության հրթիռային համակարգով՝ «Կալիբր-ՆԿ»-ով։ Այն նախատեսված է ոչ միայն ծովային, այլև առափնյա թիրախների ոչնչացման համար։

Հիշեցնենք, որ ՌԴ ՌՕՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *