Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պահեստազորի գնդապետ, Ադրբեջանի ռազմական պատմության թանգարանի նախկին տնօրեն Ռուֆաթ Ամիրովին վերականգնել է իր պաշտոնում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ Ամիրովի կոչումը չի բարձրացվել, նա շարունակելու է կրել գնդապետի կոչումը:
Հիշեցնենք, որ Ռուֆաթ Ամիրովը եղել է նաև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ նա մասնակցել է Արցախյան պատերազմին:
Նրան նշանակել են 1992-ին, երբ սույն պաշտոնից հեռացվել է գեներալ-մայոր Շահին Մուսաևը: 1996-ին Ամիրովը հեռացվել է, նրան փոխարինել է գեներալ-լեյտենանտ Վալեհ Բարշադլըն: Դրանից հետո Ամիրովը որոշ ժամանակով զբաղեցրել է Ադրբեջանի մինի ֆուտբոլի դաշնությունների ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Պաշտոնական աղբյուրները չեն հայտնում, թե երբ էր Ամիրովը հեռացվել թանգարանի տնօրենի պաշտոնից: Այնուհանդերձ, հետևելով ադրբեջանական մամուլի հրապարակումներին՝ 2013-ի հոկտեմբերի 4-ի դրությամբ նա դեռևս տնօրեն էր, ուստի հավանական է՝ հեռացվել է 2013-ի հոկտեմբերի 22-ին պաշտպանության նոր նախարար նշանակված Զաքիր Հասանովի իրականացրած կադրային փոփոխությունների հետևանքով: