ՌԴ-ի արևելքում զորամասերից մեկի զինապահեստում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Ռուսաստանի արևելյան Զաբայկալյեի շրջանի՝ ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի զորամասերից մեկում ապրիլի 29-ի երեկոյան ժամերին հրդեհ է արձանագրվել։ Այսօր՝ ապրիլի 30-ին, իրավապահները զորամասում տեղակայված զինանոցի տարածքում հայտնաբերել են բեռնատար ավտոմեքենա, որի ներսում 10 այրված դիակներ են։

Ինչպես ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ»  լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, նախնական տվյալների համաձայն՝ բեռնատար ավտոմեքենան պատահականությամբ հայտնվել է պայթյունի կիզակետում։

Կոնաշենկովի խոսքերով՝ բեռնատար ավտոմեքենայում եղել են զորամասի նյութատեխնիկական ապահովման ծառայության ղեկավարի՝ սպայի, նրան ուղեկցող պայմանագրային զինծառայողի, ինչպես նաև զորամասի քաղաքացիական անձնակազմից 8 հոգու դիերը։ Կոնաշենկովը ենթադրում է, որ կրակի՝ արագ տարածման հետևանքով նրանք չեն կարողացել հասնել զորամասի մուտքին, և հավանաբար այդ ժամանակ սպան որոշում է ընդունել բեռնատար ավտոմեքենայով դուրս բերել մարդկանց հրդեհի կիզակետից։

Հայտնի է, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 109 հոդվածի ՝«անզգուշության հետևանքով մահվան հասցնելու» համաձայն։

Ըստ վերջին տվյալների՝ ավելի քան 25 հոգի դիմել է զորամասի բուժկետ տարբեր աստիճանի վնասվածքներով։ Զաբայկալյիեի ՏԻՄ մամուլի ծառայությունից փոխանցել են՝ այս պահի դրությամբ հայտնի է 13 տուժածի մասին, որից 3-ը ծանր վիրավոր է, 3-ը՝ միջին ծանրության, 7-ը թեթև վնասվածքներ է ստացել։ Նրանց շարքում 2-ը երեխաներ են՝ 2 և 16 տարեկան, իսկ 6-ը՝ զորամասի անձնակազմի անդամ են։ Հրդեհի պատճառով գրանցված պայթյունի վտանգավոր գոտուց տարհանվել են 3 շրջակա գյուղերի ավելի քան 3 հազար բնակչի, որոնցից 700-ը երեխաներ են։

Ներկա պահին հրդեհն ամբողջովին մարել են։ Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը հանգեցրել էր 12 պայթյունի, քանի որ բռնկվել էր հենց զենք-զինամթերքի պահեստում։ Հրդեհի պատճառը թերևս զորամասից ոչ հեռու տեղակայված անտառում ծագած հրդեհը չմարելն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *