Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի Ս-70 ուղղաթիռի վրա ցամաքից կրակ են արձակել։ Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը՝ հայտնելով նաև որոշ մանրամասներ։
Ըստ աղբյուրի՝ ժանդարմերիայի ուղղաթիռի վրա կրակ են արձակել «ահաբեկիչները», երբ այն ապրիլի 29-ին՝ ցերեկային ժամերին, թռիչք էր կատարում ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում։ Անհայտ անձինք ուղղաթիռի վրա կրակել են ինքնաձիգերով, նրանց դեռ չի հաջողվել հայտնաբերել։
Ս-70 վայրէջք է կատարել ժանդարմերիայի մոտական հենակետում, որտեղ ստուգման արդյունքում նրա վրա հայտնաբերվել է Կալաշնիկով ինքնաձիգից արձակված փամփուշտների 4 հետք։ Կրակոցների հետևանքով ուղղաթիռը լուրջ չի տուժել և ավելի ուշ կարողացել է թռիչք կատարել։
Նշենք, որ հիմնականում քրդաբնակ Լիջե շրջանում վերջին օրերին անհանգիստ իրավիճակ է, ինչը կապված է տեղի գյուղերից մեկում ժանդարմերիայի հենակետի շինարարության հետ, ինչին էլ դեմ են տեղի բնակիչները։
Ապրիլի 26-ին քուրդ բնակիչները որպես բողոքի նշան փակել են Դիարբեքիրից Բինգյոլ (Բյուրակն) տանող ավտոճանապարհը։ Նույն օրն անհայտ անձինք ավտոճանապարհի վրա առևանգել են Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի երկու զինծառայողի։ Զինված անձինք, որոնք, ըստ թուրքական լրատվամիջոցների, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) համախոհներ են, թուրք ժանդարմներին տարել են անհայտ ուղղությամբ։
Թուրքական «Զաման» պարբերականը նշում է, թե առևանգողներն ավելի ուշ պահանջել են դադարեցնել ժանդարմերիայի հենակետի կառուցումը, ինչի դեպքում էլ կվերադարձնեն զինծառայողներին։
Բողոքի ակցիան միայն ճանապարհը փակելով և թուրք ժանդարմների առևանգումով չի ավարտվել։ Ակցիայի ժամանակ մասնակիցները զինծառայողների ուղղությամբ ձայնային ռումբ են նետել, ինչի հետևանքով 9 ժանդարմ է վիրավորվել, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Թուրքական կողմն ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել։