Ինքնասպանությունների թիվն ԱՄՆ բանակում շարունակում է մնալ լրջագույն խնդիր

Ինքնասպանությունների մեծ թիվը շարունակում է մնալ ԱՄՆ բանակի լրջագույն խնդիրներից մեկը։ Այս հարցին 2014-ի ապրիլի 17-ին անդրադարձել է ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների հրամանատարության պետ, ծովակալ Ուիլիամ ՄըքՌավենն, ով ևս իր մտահոգությունն է հայտնել բանակում ինքնասպանությունների բարձր թվի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը։

Արլինգթոն գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են ԱՄՆ բանակի զոհված զինծառայողները. լուսանկարը՝ AFP գործակալության

Արլինգթոն գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են ԱՄՆ բանակի զոհված զինծառայողները. լուսանկարը՝ AFP գործակալության

Ծովակալը նշել է, որ ինքնասպանություն գործող զինծառայողների զգալի մասը ծառայած են լինում հատուկ նշանակության ստարաբաժանումներում ու թեժ մարտերին մասնակցությունից հետո բոլորին չէ, որ հաջողվում է արագ վերականգնվել և գալ հոգեբանական կայուն վիճակի։

ՄըքՌավենը նաև մեջբերել է 2012-2013 թվականներին ինքնասպանություն գործած զինծառայողների թվի վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ 2012-ին ԱՄՆ բանակն ինքնասպանությունների հետևանքով կորցրել է 350 զինծառայող, ինչն ավելի շատ է քան, այդ նույն տարում մարտական գործողություններում զոհվածների թիվը։

2013-ին այս թիվը համեմատաբար նվազել է՝ կազմելով 284 հոգի, սակայն դրանով ցուցանիշը չի դադարում մնալ աղետալի: Ծովակալը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հատուկ նշանակության զորամիավորումներում ներկայումս ծառայում է շուրջ 59 000 զինծառայող, ովքեր 12-13 տարի մարտական առաջադրանքներ են կատարում երկրագնդի տարբեր թեժ կետերում ու հենց նրանք են հետագայում ինքնասպանություն գործողների ռիսկային առաջին խմբում։

ԱՄՆ բանակում ինքնասպանության թվի աճի միտումը պատկերացնելու համար նշենք, որ 2010-ին գրանցվել է 156 դեպք ու փաստորեն, 2013-ի 284 ցուցանիշի համեմատ այն աճել է մոտ 1.8 անգամ։

«Ինքնասպանությունն ամենադաժան թշնամին է, որին ես առերեսվել եմ իմ ծառայության 37 տարիների ընթացքում». ԱՄՆ բանակի անձնակազմի գծով պետի տեղակալ, գեներալ Լլոյդ Օսթին։

One response to “Ինքնասպանությունների թիվն ԱՄՆ բանակում շարունակում է մնալ լրջագույն խնդիր

  1. Pingback: Ինքնասպանությունների թիվն ԱՄՆ բանակում նորից բռնել է վերելքի ուղին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *