ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2014-ի հուլիսի 22-ին հրապարակել է հաշվետվություն, որում տեղ են գտել ինքնասպանություն գործած զինծառայողների թվի ամփոփ տվյալներ` ներառելով 2012 և 2013 թվականների ամբողջական պատկերն ու համեմատական աղյուսակը։
Իր հերթին, Associated Press գործակալությանը Պենտագոնի իր աղբյուրներից հաջողվել է ստանալ տվյալներ նաև 2014-ի առաջին կիսամյակի վերաբերյալ, որոնք վկայում են, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է ծայրահեղ քայլի դիմողների աճ։ Գործակալության տվյալներն է մեջբերել ամերիկյան The New York Times պարբերականը։
Այսպիսով, եթե 2013-ի հուլիսի 14-ի դրությամբ բանակում գրանցվել էր ինքասպանության 154 դեպք, ապա 2014-ին այդ ցուցանիշը 161 է։ Ուշագրավ է նաև, որ նույն այդ տվյալների համաձայն, աճել է ինքնասպանության դիմողների թիվը ռազմաօդային ուժերի և ծովային հետևակի կորպուսի շարքերում, մինչդեռ բանակում և ծովային հետևակի կորպուսում՝ ընդհակառակը՝ գրանցվել է արտակարգ այս միջադեպի թվի անկում։
Ինչ վերաբերում է 2012 և 2013 թվականների պատկերին, ապա նշենք, որ զեկույցում ներկայացված թվերը հիմնականում արտացոլում են ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար, ծովակալ Ուիլյամ Մըքրավենի վկայաբերած տվյալները, որոնք նա հրապարակել էր 2014-ի ապրիլին՝ խոսելով բանակում առկա ամենալուրջ խնդիրներից մեկի՝ ինքնասպանության մասին։ 2012-ին ինքնասպանությամբ իր կյանքին վերջ է դրել ԱՄՆ բանակի ակտիվ անձնակազմի 319 զինծառայող։ 2013-ին այս ցուցանիշը կրճատվել է 60-ով՝ դառնալով 259։
Փաստորեն, պետք է արձանագրել, որ եթե Associated Press գործակալության հրապարակած տվյալները ճիշտ են, ապա հակառակ դրական պատկերի, որը կար 2012-2013 թվականների համեմատությունում, 2014-ին բանակում ինքասպանության թվի շուրջ նկատվում է աճի միտում։
Հիշեցնենք նաև, որ իր ապրիլյան ասուլիսի ժամանակ, ծովակալ Մըքրավենը հայտնել էր՝ Միացյալ Նահանգների բանակն ինքնասպանության հետևանքով 2012-ին կորցրել է ավելի շատ զինծառայող, քան մարտական գործողություններում։