2014-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն հարձակումը հերոսաբար հետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին ապրիլի 27-ին երկու խաչքար է տեղադրվել զորամասում և մարտական դիրքում, որտեղ որ ծառայել էր Արմենը։
Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը։
Նա շեշտել է, որ խաչքարերի հեղինակն է Արմեն Սամվելյանը։ Խաչքարեի տեղադրման արարողությանը ներկա են եղել նաև ՊՆ և ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, մամուլի ներկայացուցիչներ։ Տիկին Մարինեն հատկապես կարևորել է դիրքապահ զինծառայողների արձագանքը։ «Նրանք խիստ անհամբեր էին, ասում էին՝ երբ եք խաչքարերը դնելու, թե´ շինարարական, թե´ տեղադրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են»,-նկատեց Արմենի մայրը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ 23:50-00:15 սահմաններում, Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։ Կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը զոհվել էր փոխհրաձգության ժամանակ ստացած հրազենային վերքից։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ի հրամանագրով Արմեն Հովհաննիսյանին պարգևատրել է «Արիության համար» մեդալով։ Նրա հուղարկավորության արարողությունը կայացել է հունվարի 22-ին Եռաբլուրում։
Pingback: Առաջնագծում զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին խաչքարեր են տեղադրվել. Razm.info | Armday