Քարվաճառցի աշակերտների համար հերոսը Պետոն է (ֆոտո, վիդեո)

20 տարի առաջ հայ-ադրբեջանական զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններն ընդհատվեցին հրադադարի պայմանագրով։ Արդեն երկու տասնամյակ սահմանին անընդհատ խախտվում է հրադադարը, իսկ խաղաղության երազանքը փոխանցվում է այսօրվա սերնդին։

Պետոյի անունը կրող զորամասում

Պետոյի անունը կրող զորամասում

Պատերազմով հայրենիք գծած հերոսներին այսօր էլ չեն մոռացվում, ու նրանց չի մոռանում այսօրվա երիտասարդությունը։

Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցներն ու Արցախի պետական համալսարանը հրադադարի հաստատման օրվան ընդառաջ կազմակերպել էին «Հրադադար-20» խորագրով ուսանողական գիտաժողով։

Իսկ մինչև գիտաժողովը համալսարանականներն այցելեցին Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղ։ Գյուղ, որի ազատագրման ժամանակ զոհվեց Պետոն, նույն ինքը` Պետրոս Ղևոնդյանը։ Պատահական չէր, որ ուսանողները հյուրընկալվել էին հենց այդ դպրոցում. այս տարի լրացավ ազատամարտիկի ծննդյան 50-ամյակը։

Եղեգնուտ դպրոցի աշակերտները

Եղեգնուտ դպրոցի աշակերտները

Գյուղում հերոսին գիտեն փոքրից մեծ, նրանով հիանում ու շարունակում են երեխաներին կրթել ու դաստիարակել։ Համալսարանականներին դպրոցի աշակերտները դիմավորում են հայրենասիրական երգերով ու ազգագրական պարերով։

Դպրոցն արդեն 13 տարի է կրում է Պետոյի անունը։ Դպրոցի տնօրենի հետ խոսելիս տնօրենը պատմությունը սկսում է Պետոյի հերոսական մահով։

«1994 թվականին մենք վիրավոր զինվոր ունեինք, Պետոն գնում է նրան բերելու իր ՈւԱԶ մակնիշի մեքենայով: Զգուշացնում են, թե ականապատված է տարածքը, բայց չի լսում։ Ցավոք, ականի պայթյունի հետևանքով զոհվեց։ Այն զինվորը, որի հետևից գնում էր Պետոն, կենդանի է, անունն Արմեն է, հիմա Ստեփանակերտում զինղեկ է։ Նրան էլ եմ դպրոց հրավիրել, աշակերտների հետ ծանոթացրել»,- պատմում է դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանը։

Եղեգնուտ դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանը

Եղեգնուտ դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանը

Տնօրենը հպարտությամբ նշում է, որ երեխաները Պետոյի գործն այսօր շարունակում են իրենց լավ սովորելով, այդ հողում ապրելով ու ապագան կերտելով։

«Մենք «Պետոյի երգ» ունենք, բոլոր միջոցառումները հենց դրանով էլ սկսում ենք։ Ինչ եմ ուզում ասել, մենք պիտի հիշենք նրան ու նրանց և առաջ նայենք»,- եզրափակում է Ժորա Սարգսյանն ու ցույց տալիս տղաների արյունով գծված Հայաստանի ճիշտ քարտեզը, որ ամեն օր երեխաների աչքի առաջ է, Պետոյի անկյունը, Մոնթեի անվան դասարանը։

«Ես Արտաշատից եմ տեղափոխվել Եղեգնուտ։ Սիրում եմ գյուղս ու ամեն-ամեն ինչ։ Ուզում եմ ուսուցչուհի դառնալ ու մեր դպրոցում էլ աշխատել»,- ասում է երեխաներից մեկը։

Եղեգնուտի այսօրվա ու վաղվա տերերը

Եղեգնուտի այսօրվա ու վաղվա տերերը

Եղեգնուտին հրաժեշտ տալուց հետո համալսարանականների մյուս կանգառը Մարտակերտում տեղակայված զորամասերից մեկն էր։ Այդ զորամասը նույնպես անվանակոչվել է Պետոյի անունով։

Թեև եղանակն այնքան էլ տաք չէր, բայց զինվորները չզլացան ու հետևեցին համալսարանականների պատրաստած ելույթներին։

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները

Զինծառայողների կողքին, զինծառայողների «թիկունքը պահելով»։ ԵՊՀ-ի ուսանողներն ամեն անգամ տարբեր զորամասեր են այցելում, պահում բանակ-հասարակություն կապն ու զինծառայողին հավաստիացնում, որ նրանք մենակ չեն ու հենց նրանք են, որ մեզ ամեն օր խաղաղություն են նվիրում։

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *