Սիրիայի կառավարական զորքերը ստիպել են զինյալներին Լաթաքիայից նահանջել Քեսաբի ուղղությամբ

Ապրիլի 27-ին սկսվել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանից ոչ հեռու տեղակայված, Լաթաքիայի շրջանում կազմում ընդգրկված աս-Սամրա ավանի՝ զինյալների խմբավորումներից ազատագրման գործողությունը։ Գործողությունն իրականացվել է 2 ուղղություններով՝ Միջերկրական ծովի և Թշալմա բարձունքի կողմից։ Սիրիայի հատուկ նշանակության զորքերին հաջողվել է աս-Սամրայի արևմտյան հատվածում գերակայություն հաստատել։ Միևնույն ժամանակ Սիրիայի ԶՈւ զինծառայողներն ու ինքնապաշտպանական ջոկատներն ավան են ներխուժել Թշալմայի և Դապասի բարձունքներից։ Այդ ընթացքում աս-Սամրայում սկսել են թեժ փողոցային մարտեր։ Օրվա երկրորդ կեսին կառավարական աղբյուրները հաղորդել են՝ ավանում բարձրացվել է Սիրիայի պետական դրոշը, իսկ զինյալները հարկադրված են եղել նահանջել դեպի Քեսաբ։ Այսպիսով, կառավարական ուժերը քայլ առ քայլ մոտենում են Քեսաբին՝ չնայած որ զինյալների կայքերը հերքում են սույն տեղեկությունը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայի գործուն աջակցությամբ «ալ Նուսրայի ճակատ» և «Ահրար ալ Շամ» իսլամիստական խմբավորման անդամները տարբեր ուղղությամբ գրոհել էին սիրիական բանակի դիրքերը՝ կարողանալով ճեղքել պաշտպանությունը և խորանալ։ Սիրիական բանակը պատասխան գործողություն էր սկսել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 25-ին կեսօրից հետո Սիրիայի ռազմաօդային ուժերը սկսել են ռմբահարել զինյալների դիրքերը։

Քեսաբի հայությունը զինյալների գրոհի ընթացքում շտապ տեղափոխվել էր Լաթաքիա, ապաստանել էին տեղի հայկական եկեղեցու տարածքում։

Հավելենք նաև, որ նույն օրը՝ ապրիլի 27-ին, Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել նաև Լիբանանի հետ սահմանին տեղակայված Զաբադանի քաղաքի մեծ մասում։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան warsonline.info լրատվակայքը, քաղաքի ավագանին բանակցությունների ընթացքում կոչ է արել քաղաքում մնացած զինյալներին հանձնել զենքերը։ Իսլամիստական խմբավորումների անդամ զինյալների մի մասը համաձայնել է առաջարկին, իսկ մյուս մասն իր զենքով ուղևորվել է դեպի Լիբանան։

Նշենք, որ ըստ աղբյուրի՝ Սիրիայի ԶՈւ ստորաբաժանումները քաղաք են մուտք գործել զրահամեքենաների օգնությամբ։ Սիրիայի կառավարական ուժերին մոտ կանգնած աղբյուրները վկայում են՝ այդ օրը քաղաքում մարտեր չեն արձանագրվել, զինյալները հրաժարվել են կռվելուց, իսկ վերջիններիս լուրերը հրապարակող համացանցային ռեսուրսներն այնուհանդերձ չեն ընդունում Զաբադանի կորուստն իրենց համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *