Քեսաբում մարտերը շարունակվում են

Քեսաբում շարունակվում են մարտերը Սիրիայի զինված ուժերի և իսլամիստ զինյալների միջև։ Թեև սիրիական զորքերը կարողացել են որոշակիորեն առաջանալ զինյալների զբաղեցրած դիրքերի ուղղությամբ սակայն Քեսաբը շարունակում է մնալ իսլամիստների վերահսկողության տակ։

Թուրքական աղբյուրները նշում են, թե Սիրիայի հատվածում սիրիական օդուժը գործողություններ է իրականացնում։ Ականատեսների վկայությամբ՝ զինյալներն արդեն մի քանի օր է, ինչ կողոպտում են հայերի ունեցվածքը, իսկ գողոնը տանում են Թուրքիայի տարածք։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայի գործուն աջակցությամբ «ալ Նուսրայի ճակատ» և «Ահրար ալ Շամ» իսլամիստական խմբավորման անդամները տարբեր ուղղությամբ գրոհել էին սիրիական բանակի դիրքերը՝ կարողանալով ճեղքել պաշտպանությունը և խորանալ։ Սիրիական բանակը պատասխան գործողություն է սկսել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 25-ին կեսօրից հետո Սիրիայի ռազմաօդային ուժերը սկսել են ռմբահարել զինյալների դիրքերը։

Քեսաբի հայությունը զինյալների գրոհի ընթացքում շտապ տեղափոխվել է Լաթաքիա, որտեղ ներկայում իրավիճակն ավելի ապահով է։ Հայերն ապաստանել են տեղի հայկական եկեղեցու տարածքում։ Հայերի շրջանում բարեբախտաբար զոհեր չեն եղել, սակայն բնակավայրում հայեր մնացել են, հիմնականում՝ տարեց մարդիկ։

Զինյալներն իրենց գրոհն իրականացրել էին Թուրքիայի սահմանի կողմից, ինչը վկայում է, որ Անկարան գործուն աջակցություն է ցուցաբերել դրան, չի բացառվում նաև՝ կազմակերպել և ուղղորդել է հարձակումը։

Ներկայում Քեսաբը շարունակում է մնալ «ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի հետ սերտ կապեր ունեցող «ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորման հսկողության ներքո։ «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորումը Սիրիայում հակամարտության ընթացքում մշտապես տարատիպ աջակցություն է ստացել Թուրքիայից և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող առավել հզոր ուժերից մեկն է «Սիրիայի ազատ բանակ» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումների հետ մեկտեղ։

«Ահրար ալ Շամ» կազմակերպությունն էլ մաս է կազմում «Սիրիայի իսլամական ճակատին , որը կազմավորվել է Սիրիայի հյուսիսում գործող մի շարք խմբավորումների միավորմամբ։

Մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները կրակ են բացել Սիրիայի օդուժի ՄիԳ-23 կործանիչի վրա, որին մեղադրել են Թուրքիայի օդային սահմանը խախտելու համար։ Հատկանշական է, որ ՄիԳ-23-ը թռիչք էր կատարում Քեսաբի շրջակայքում, իսկ թուրքական ագրեսիան կարելի է ուղղակիորեն կապել այս գործողությանն Անկարայի անմիջական մասնակցության հետ։

Բացի այդ, Թուրքական SolPortal-ում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են զինյալները հանգիստ անցնում Թուրքիայի Յայլադաղի անցակետը, որից այն կողմ Սիրիայի Քեսաբ շրջանն է։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հերքել է իր մասնակցությունը Քեսաբի գործողությանը, սակայն, ինչպես վերը նշեցինք, փաստերը հակառակն են ցույց տալիս։

Քեսաբի շրջանը սահմանակից է ներկայիս Թուրքիային (1939 թվականին Սիրիայից խլված Ալեքսանդրեթի սանջակին, որը ներկայում թուրքերը կոչում են Հաթայի նահանգ)։ Քեսաբն ունի 3000 հայ բնակիչ, 3 եկեղեցի, կարևոր ռազմավարական դիրք է զբաղեցնում Լաթաքիայի և Թուրքիայի միջև, ունի գեղեցիկ բնություն և որպես հանգստավայր է ներկայանում։ Այս հատվածում է նաև Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանային անցակետը, որը ներկայում ևս անցել է Ասադի հակառակորդների ձեռքը։

1909-ին Կիլիկիայի (Ադանայի) կոտորածի ժամանակ հայերի ջարդեր են եղել նաև Քեսաբում: 1915-ին՝ հայերի ցեղասպանության շարունակության ժամանակ նոր ջարդեր են եղել հայաբնակ այս շրջանում։ Հերթական հարվածն էլ հայերը ստանում են արդեն 21-րդ դարում և կրկին Թուրքիայի կողմից։

Այս ամենի արդյունքում Անկարան ու զինյալները ոչ միայն հարվածում են Բաշար Ասադի հենակետին` ալավիաբնակ Լաթաքիային, այլ նաև փորձում են հայաթափել Թուրքիայի և այդ շրջանի միջև ընկած հայաբնակ հողերը, ինչը հնարավորություն է ստեղծում տարածքում ավելի հեշտ ու անարգել տարածել Թուրքիայի ազդեցությունը։

3 responses to “Քեսաբում մարտերը շարունակվում են

  1. Pingback: Քեսաբի հարցում Թուրքիան 2 կարևոր խնդիր է ցանկանում լուծել. Գևորգ Պետրոսյան | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Քեսաբին կից բարձունքում ընթացող մարտերում հայ է զոհվել, վիրավորվել է ևս մեկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *