Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ապրիլին կայացած ցույցերի արդյունքում ապրիլի 28-ին հայտարարվել է «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» հռչակման մասին։ Բացի այդ, հայտնի է դարձել՝ մայիսի 11-ին կայանալիք հանրաքվեին լինելու է «Արդյոք կողմ եք Լուգանսկի ժողովրդական հանրապետության պետական անկախության հռչակմանը» հարցը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, ապրիլի 27-ին կայացած ցույցին մասնակցել են մի քանի հարյուր հոգի։ «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ մասնակիցների շարքում կային բնակիչներ, ովքեր մասնակցություն էին ունեցել 2014-ի ապրիլի 6-ին ցույցի ընթացքում տեղի անվտանգության ծառայության գրասենյակի գրավման գործողությանը։ Ցույցի մասնակիցներից մեկի խոսքերով՝ Լուգանսկի անկախության հռչակումն իրականացվել է օրենքի սահմաններում, քանի որ գործընթացին ներկա են եղել քաղաքական տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նկատենք, որ ցույցի ժամանակ հնչել են նաև տեսակետներ՝ Կիևի հավանական ագրեսիայի դեպքում «Լուգանսկը հայց է ուղղելու ՌԴ-ին խաղաղապահ զորքեր մտցնելու վերաբերյալ»։
Հարկ է նշել նաև, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Լուգանսկի «ժողովրդական նահանգապետ» ընտրված Վալերիյ Բոլոտովը ներկա չէր ցույցին։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ավելի ուշ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի այսպես կոչված «Հարավ-արևելքի» միացյալ շտաբի ներկայացուցիչը՝ ընդգծելով՝ ցույցին մասնակցել է բնակիչների լոկ մի մասը, այնպես որ անկախության հռչակումն օրինական չէ, ինքը կոչ է անում ցույցի ուղղորդողներին և բոլոր մասնակիցներին խուսափել կտրուկ և չմտածված քայլերից։
Հավելենք, որ Լուգանսկի անկախացման կողմնակիցների պահանջների շարքում են նաև ռուսաց լեզուն պետական հռչակելը, բոլոր քաղբանտարկյալներին համաներում շնորհելը։ Պահանջների կատարման վերջնաժամկետ է սահմանված 2014-ի ապրիլի 29-ը։
Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլի սկզբից ի վեր Ուկրաինայի արևելյան շրջաններում բնակչության ռուսամետ մասը ցույցեր է կազմակերպում՝ պահանջելով նոր ՏԻՄ ընտրություններ և Կիևից անկախացմանը միտված հանրաքվեի անցկացում։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են արևելքում «հակաահաբեկչական գործողությունների անցկացում», որոնց նպատակն իրականում ցույցերի ճնշումն է։