Պաշտպանության բանակի հրամանատար. «Զինվորներին երեխա չանվանեք»

«2011թ. ընթացքում ԼՂՀ պաշտպանության բանակի ստացած տեխնիկան գերազանցում է հետպատերազմյան տարիներին ստացած տեխնիկային»,— Ստեփանակերտում երևանյան լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ բանակը ստիպված է նման քայլի գնալ, քանի որ տարածաշրջանում խաղաղությունը հաստատվել է հայոց բանակի ուժի ու մեր սահմանին կանգնած զինվորի շնորհիվ։

Մովսես Հակոբյանն անդրադարձավ սպայական կազմի պատրաստվածությանը՝ նշեց, որ սպայական կազմի հինգ տոկոսն ունի բարձրագույն սպայական, քառասուներկու տոկոսը՝ զինվորական կրթություն։ Ավելանում է նաև զինվորական մասնագիտությամբ սպաների թիվը։

Լրագրողների այցն Արցախ Պաշտպանության բանակի հետ համատեղ կազմակերպել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն (hetq.am)։ Այցի ընթացքում մենք եղել ենք մարտական տարբեր դիրքերում, ինչի մասին Razm.info կայքում կարող եք կարդալ առաջիկա օրերին։

«Մենք չունենք մի զորամաս, որն ապահովված չլինի անհրաժեշտ միջոցներով։ Այսօր զինվորի պատրաստությունը մենք շատ ենք կարևորում, քանի որ պատրաստ զինվորն է, որ կարող է հակառակորդին ջախջախել։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինության մրցավազքին՝ ասեմ, որ մենք ունենք այն զինամթերքի տասնապատիկը, որքան ծախսել ենք պատերազմի ժամանակ»,— նշեց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ սահմանին կանգնած հայ զինվորը կարող է ցանկացած պահին արժանի հակահարված տալ թշնամուն։ Նման դեպք եղել է նախորդ տարի, օրինակ՝ երբ ժամկետային զինծառայողը դիվերսիոն խումբ էր վնասազերծել։

Միայն այսօր, մինչև ժամը 13:00-ն հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 51 անգամ, իսկ այս տարվա երեք ամիսների ընթացքում գրանցվել է այնքան խախտում, որքան 2011թ. ողջ ընթացքում։ Հրադադարի հաճախակի խախտումներըը նախարարը հետևյալ հանգամանքներով բացատրեց. «Ադրբեջանի առաջին նպատակը Արցախի զինված ուժերին վնասելն է, իսկ կրակոցների մեծ մասը շատ լավ զենքերից է լինում։ Երկրորդը՝ իրենց զորքերի մարտական ոգու բարձրացմանը նպաստելն է։ Սակայն, մեր դիրքերը մինչ օրս գերիշխող են ու կարող ենք պատժիչ գործողություն կատարել։ Երրորդ՝ Ադրբեջանը փորձում է ռազմական ճանապարհով հասնել խնդրի լուծման»։

Շուտով վերջապես գործարկվելու է Ստեփանակերտի օդանավակայանը։ Անդրադառնալով Ադրբեջանի այն սպառնալիքներին, թե կհարվածի Արցախի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռներին՝ Մովսես Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանում էլ օրական երկու հարյուր վաթսուներկու թռիչք է իրականացվում … Նաև նշեց, որ նման դեպքերում հակաօդային պաշտպանությունը կգործի՝ ոչնչացնելով թշնամու հրթիռը։

Ինչ վերաբերում է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցված մահերին՝ ՊԲ հրամանատարը նշեց, որ բոլոր դեպքերը բացահայտվում են, իսկ մեղավորները պատժվում են։
Հակոբյանն անդրադարձավ նաև միջանձնային հարաբերություններում անհանդուրժողականության խնդրին. «Եթե մարդ սխալ է անում, նա արդեն անընդունելի է դառնում ընկերների համար։ Այդ թերությունն է պետք վերացնել։ Միջանձնային խնդիրները նաև հրամանատարների բացթողումների հետևանք են, երբ զինվորը գերադասում է ինքնասպան լինել, քան ծառայել»։ Այս խնդրով ՊԲ հրամանատարը նաև անձամբ է զբաղվում. իր հեռախոսահամարը բոլոր զինվորներն ունեն, և ինքը երբեմն բողոք-զանգեր ստանում է։ Զանգողները լինում է՝ բողոքում են հրամանատարից ճնշվելուց, եղել է նաև բողոք բժշկի դեմ։
Razm.info-ի այն հարցին, թե քանի սպա է մինչ օրս աստիճանազրկվել կամ հեռացվել համակարգից՝ Մովսես Հակոբյանը հստակ թվեր չնշեց, բայց թվեց մի քանի զորամաս, որտեղ հրամանատարները հեռացվել են, աստիճանազրկվել, նկատողություններ ստացել։

Լրագրողների այն դիտարկմանը, թե մայրը տասնութ տարեկան երեխային ուղարկում է բանակ, բայց նրան սպանում են՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Իմ զինվորներին երեխա չանվանեք։ Նրանք երեխա չեն, նրանք զինվոր են, ովքեր պատրաստ են հակառակորդի կոկորդը կրծել։ Նրանք երեխա են միայն իրենց մայրերի համար, բայց նրանք սահման են պահում, ովքեր հակառակորդի դիվերսիոն խումբ են ոչնչացնում»։

Razm.info-ի այն հարցին, թե ինչ խնդիրներ են լինում նորակոչիկների հետ, բավարար է արդյոք նրանց կրթական և ֆիզիկական պատրաստվածության աստիճանը՝ ՊԲ հրամանատարն ասաց, որ նորակոչիկների կարողությունները բավարարում են, որպեսզի նրանք դառնան այնպիսի զինվորներ, ինչպիսին հրամանատարն է ուզում տեսնել։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գտնվում վերաբնակեցման հարցը, ինչը զինվորին առավել զգոն լինելու առիթ կտա։ Մովսես Հակոբյանը նշեց այն ուղղությունները, որտեղ շինարարություն է ընթանում և ասաց, որ դա նպաստելու է բնակչության ավելացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Իր խոսքերով վերաբնակեցման խնդրի իրականացման համար հստակ քայլեր են կատարվում։
«Զինվորն առաջին մարդն է, ով ապահովում է մեր պետականությունը և նա չի զորակոչվում զուտ ծառայության համար, այլ նաև պատրաստվում է պատերազմին։ Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ սահմանն ամուր լինի»,— եզրափակեց Մովսես Հակոբյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *