Թուրքիան ջանքեր է գործադրում ուղղաթիռների պակասը լրացնելու համար

Թուրքական բանակն արդեն տևական ժամանակ է, ինչ զգում է հարվածային ուղղաթիռների սուր պակաս։ Դեռ 2009 թվականից Թուրքիան փորձում էր ԱՄՆ-ից ձեռք բերել երեք հատ հնացած «AH-1W Սուպեր Կոբրա» հարվածային ուղղաթիռ, ինչի մասին վերջնական որոշում ընդունվեց միայն շաբաթներ առաջ։ Թուրքիան ցանկանում էր այդ երեք ուղղաթիռներով գոնե մասամբ փոխարինել քրդերի դեմ մարտական գործողությունների ժամանակ կորցրած ուղղաթիռները։

Սակայն թուրքական բանակի կարիքների համար անհրաժեշտ են ավելի մեծ թվով ուղղաթիռներ, ինչը հաշվի առնելով Թուրքիան աշխատանքներ էր սկսել սեփական ուղղաթիռներ արտադրելու ուղղությամբ։

Որպես հարվածային ուղղաթիռների պակասի խնդրի միջանկյալ լուծում թուրքական բանակը որոշել էր ձեռք բերել «T-129 EDH» տիպի ինը ուղղաթիռ, որոնցից առաջինը շահագործման կհանձնվնի հունիսից։ Ընդհանուր առմամբ, ըստ երկրի պաշտպանության արդյունաբերության քարտուղարության հաշվարկների՝ ընթացիկ տարում բանակին այդ տիպի չորս ուղղաթիռ կմատակարարվի։ Մնացած հինգ ուղղաթիռները պատրաստ կլինեն 2013 թվականին։

«T-129 EDH» ուղղաթիռը, որը ստեղծվում է թուրքական «Turkish Aerospace Industries» (TAI) և «Aselsan» ընկերությունների կողմից, իր առաջին թռիչքն կատարել է 2011 թվականի սեպտեմբերին։ Այս պահին  կառուցված երկու «T-129 EDH» ուղղաթիռներն անցնում են թռիչքային և 20 մմ հրանոթով ու հրթիռներով կրակային  փորձարկումներ։

«T-129 EDH» մոդելը թուրքական բանակը ձեռք է բերել հենց հնացած «AH-1 Կոբրա» ուղղաթիռները շտապ փոխարինելու համար։ Այդ մոդելում նախատեսված չեն որոշ զինատեսակներից կրակ վարելու հնարավորություններ, որոնք լինելու են հիմնական «T-129B» մոդելում։

Ներկա պահին TAI-ն շարունակում է «T-129B» ուղղաթիռների  արտադրությունն ու փորձարկումը։ Այդ ուղղաթիռների առաջին օրինակը նախատեսվում է փոխանցել պատվիրատուին 2013 թվականի հուլիսին, իսկ մնացած հիսունը՝ մինչև 2018 թվականը։ Հավելենք, որ «T-129» ուղղաթիռը ստեղծվել է իտալական «Agusta Westland» ընկերության օգնությամբ, վերջինիս «A-129» ուղղաթիռի հիման վրա։

Թեմայով կարդացեք նաև։
Թուրքիան հարվածային ուղղաթիռների կարիք ունի (վիդեո)
Թուրքիայի Օդուժը կհամալրվի AH-1W «Սուպեր Կոբրա» հարվածային ուղղաթիռներով

One response to “Թուրքիան ջանքեր է գործադրում ուղղաթիռների պակասը լրացնելու համար

  1. Pingback: Թուրքիան հետախուզական հինգ ինքնաթիռ կվարձակալի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *