Օմբուդսմենը զոհված 8 զինծառայողների հարցով դիմել է ԱԺ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին, Հրայր Կարապետյանին և Արամ Սաֆարյանին։ Նամակում ասվում է.

«2011թ. Սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերում զոհված 8 զինծառայողների հարազատների հետ միասին հանդիպեցինք ձեզ և ներկայացրեցինք մարդկային ու իրավական տեսանկյունից ցավոտ մի շարք խնդիրներ: Ձեր խորհրդով և խնդրանքով մինչև նույն թվականի հոկտեմբերի 17-ը, օրեր շարունակ գործակցելով զոհվածների հարազատների հետ, պատրաստվեցին և Ձեզ ուղարկվեցին զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կազմված թվով 8 տեղեկանքներ:

Տեղյակ ենք, որ սրտացավորեն վերաբերելով մեր բարձրացված խնդիրներին՝ օրենքով ձեզ տրված իրավասությունների շրջանակներում դիմել եք համապատասխան պետական մարմիններին և ստացել որոշակի պատասխաններ:

Ես և զոհված զինծառայողների ծնողները խնդրում և ակնկալում ենք, որ մինչ չորրորդ գումարման ՀՀ ԱԺ լիազորությունների ավարտը հիշյալ հարցումների արդյունքներով կներակայացնեք ձեր գնահատականներն ու դիրքորոշումները յուրաքանչյուր գործում բարձրացված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ: Հասկանալով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները՝ այնուամենայնիվ, ակնկալում ենք զոհվածների իրավահաջորդներին հնարավոր իրավաքաղաքական Ձեր աջակցությունը նաև այդ գործերով:

Նվազագույնը խնդրում ենք այդ ութ զինծառայողների հարազատներին իրազեկել մեր սեպտեմբերյան հանդիպման, դրան հետևած մեր տեղեկանքների և ձեր հարցումների արդյունքների, ինչպես նաև ընթացող ու սպասվող գործընթացների մասին»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *