Այսօր մամուլն անդրադարձել է երեք հիմնական թեմաների. Մարդու իրավունքների պաշտպանի և զոհված զինծառայողների ծնողների` Ազգային ժողով ներկայացրած տեղեկանքներին, Ռազմական ոստիկանության ձեռք բերած տեսանյութին, որտեղ 7 զինվոր ծեծում են իրենց ծառայակցին և ավտոպատահարի զոհ դարձած զինվորի մահվան արձագանքին պաշտպանության փոխնախարարի կողմից։
Այսօր՝ ՄԻՊ գրասենյակը տարածեց հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ ոչ մարտական պայմաններում բանակում մահացած ութ զինվորների ծնողներ՝ դեռևս սեմտեմբերին, ՀՀ կառավարության շենքի դիմաց հանդիպել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և հայցել նրա աջակցությունը: Պաշտպանը հանդիպում էր կազմակերպել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, մշտական հանձնաժողովի նախագահներ Հրայր Կարապետյանի, Արամ Սաֆարյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ: Հանդիպման արդյունքում որոշվել էր պատգամավորներին ներկայացնել համատեղ տեղեկանքներ՝ յուրաքանչյուր զոհված զինվորի գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների ու խախտումների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմի օգնությամբ կազմվել են ութ տեղեկանքներ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքում ծնողների ներկայացրած խախտումները և թերացումները: Այսօր այդ տեղեկանքներն ուղարկվել են վերոնշյալ պատգամավորներին։ ՄԻ պաշտպանը հույս է հայտնել, որ անօրինությունների բացահայտումը հիմք կդառնա վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելման համար։
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, «Առաջին լրատվականը» ցուցադրեց ռեպորտաժ, որը ներառում էր գաղտնի նկարահանած տեսանյութ։ Ըստ այդմ, 7 զինվորներ ծեծում էին իրենց ծառայակից ընկերոջը։ Ռազմական ոստիկանությանը հաջողվել էր ժամանակին ձեռք բերել տասանյութը և հանդիպում անցկացնել ոչ միայն 7 զինվորների, այլև նրանց ծնողների հետ, իսկ միջադեպի ժամանակին բացահայտումը հնարավորություն տվեց ծեծված զինվորին ժամանակին հետ պահել հավանական կամ ենթադրյալ արարք-վրեժխնդրություններից։ Հատկանշականն այն է, որ 7 զինվորների հայրերն ապշած էին որդիների արարքից և միաձայն փաստում էին. «Էդ տղու արարք չի, չեք ամաչում՝ բոլորդ հայ եք….»։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձել է երեկ՝ ժամը 20։00-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարին, որից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: Վ. Գասպարյանը նշել է, որ զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երևանի կայազորի տարածքից։ Եթե զինծառայողները հետևած լինեին կանոնակագին՝ գուցե խուսափեին նման պատահարից և ծառայակից զինվորը ողջ լիներ։
Վերոնշյալ թեմաներին անդրադարձել են հետևյալ լրատվամիջոցները՝ tert.am, panorama.am, 7or.am, hra.am, news.am, lragir.am.