Մեկը ձերբակալվել է, մյուսը՝ տույժի ենթարկվել, իսկ նախագահն ընդունել է. օրվա ամփոփում

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ուշագրավ էր երեք թեմա՝ ձերբակալվել է ՊՆ պաշտոնյա, ՀՀ զինվորական դատախազի տեղակալը ենթարկվել է կարգապահական տույժի, իսկ երկրի գերագույն հրամանատարը՝  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդունել է  Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման և համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին։

Սկսենք ձերբակալությունից։ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով (քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել) հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը: Այս մասին լրատմավիջոցներին տեղեկացրել են ՊՆ քննչական ծառայությունից։

ՀՀ դատախազության կայքից տեղեկանում ենք, որ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով, կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Ա. Մարգարյանը: Ընդհանուր առմամբ նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշաման մեջ։ Հրապարակումից ավելի ուշ՝ Ալբերտ Մարգարյանը՝ tert.am-ի հետ զրույցում նշել է, որ կարգապահական տույժը որևէ կապ չունի իր դատախազական գործունեության հետ, այլ նա միայն իր ծանոթին խորհուրդ է տվել դիմել իրավաբանի։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՝ Ռոուզ Գոթեմյոլերի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը դիտարկել` որպես Եվրոպայում անվտանգության և կայունության հիմնասյուներից մեկը և հավատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *