Դատարանը մերժեց մահացած զինծառայողի իրավահաջորդների՝ 5 մլն դրամ պահանջի հայցը. օրվա ամփոփում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մահացած զինծառայողի իրավահաջոդների՝ 5 մլն դրամ փոխհատուցման պահանջը: Մայիսի 9-ին Շուշիում մեծ զորահանդես կանցկացվի՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խումբը Հորմուզի նեղուցով լքել է Պարսից ծոցը: Ֆրանսիան Աֆղանստանից դուրս է բերել 200 զինծառայողի:

  • Սկսել են տեղեկություններ շրջանառվել, թե զինառայող Տիգրան Վարյանի սպանության պատճառը սպանությունից առաջ Տիգրանին ուղարկված «տուլիկն» է եղել, որտեղ իբր, թե 60 հազար դրամ գումար է եղել: Նրա մահվան գործով կա երեք կալանավորված:
  • ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է չորս համածառայակիցների կողմից ծեծվելու հետևանքով մահացած զինծառայող Գևորգ Կոծինյանի գործով երկու դիմում-բողոքները: Ըստ այդմ, տուժող կողմը պահանջում էր շուրջ 5 մլն դրամ փոխհատուցում:
  • Մայիսի 9-ին ԼՂ-ում մեծ զորահանդես կանցկացվի՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Այն հարցին, թե Ադրբեջանում հայտարարում են, որ այդ զորահանդեսը անկայունացնող գործոն է, ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է. «Ավելի լավ է Ադրբեջանը պատասխան տա իր կողմից շփման գծում իրականացվող ապակայունացնող գործողությունների համար»:
  • Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, թե Ադրբեջանը կաջակցի ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու դեպքում: Նա նաև նշել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կշարունակեն վատթարանալ: 

Միջազգային լուրերը հայկական մամուլում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպումը եղել է դռնփակ: Քննարկվելիք հիմնական թեմաներն էին լինելու Սիրիայի հարցը և Իրանի՝ միջուկային ծրագիրը:

  • ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը  հայտնել է, որ ամերիկյան Abraham Lincoln ավիակրի հարվածային խմբավորումը Հորմուզի նեղուցով լքել է Պարսից ծոցը:
  • ԱՄՆ-ի իշխանությունները հավելյալ պատժամիջոցներ են սահմանել իրանական այն ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահակազորի հետ:
  • Ամերիկացի վեց սենատորներ Սպիտակ տանը կոչ են արել սիրիական ընդդիմությանն անհապաղ «զենք եւ այլ նյութական միջոցներ» մատակարարել: Սենատորները վստահ են, որ նման մատակարարումները մոտ հեռանկարում օրակարգից կհանեն սիրիական տարածքին օդային հարվածներ հասցնելու մասին խոսակցությունները:
  • Աֆղանստանում ԱՄՆ զորքերն այժմ արդեն կպաշտպանվեն իրենց դաշնակից աֆղան զինվորների հարձակումներից այն բանից հետո, երբ բազաներում գրանցվել էին «ներքին սպանությունների» մի քանի դեպքեր: Նոր անվտանգության ծառայության մեջ կմտնեն նաև, այսպես կոչված, «պահապան հրեշտակները», որոնք կհետևեն իրենց ընկեր զինվորների պաշտպանությանը, երբ վերջիններս քնած կլինեն:
  • Աֆղանստանի արևելքում ՆԱՏՕ-ի թիկունքային ապահովման շարասյան վրա ապստամբների հարձակման հետևանքով առնվազն 5 զինվորական է սպանվել, ևս 5-ը վնասվածքներ ստացել:
  • Ռուս-ամերիկյան պայմանագրի համաձայն՝  Ռուսաստանն ամբողջությամբ կկատարի ՄԻ-17ուղղաթիռներ Աֆղանստան ուղարկելու պարտականությունները:
  • Աֆղանստանից ֆրանսիական զինուժի արագացված դուրս բերման ծրագրի շրջանակներում 200 ֆրանսիացի զինվոր լքել է այդ երկիրը:
  • Աֆղանստանի իրավապահները կանացի հագուստով երկու տալիբ գրոհայինի են ձերբակալել: Երեկ Քարգայի շրջանում Աֆղանստանի հատուկ ուժերին հաջողվել էր ձերբակալել 7 զինյալ:
  • ԱՄՆ երկու գեներալներ չորեքշաբթի օրը հանդիպել են Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ` նպատակ ունենալով համոզել Իսլամաբադին վերսկսել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:
  • Թուրքիայի բնակիչների մեծ մասը կողմ է սեփական ատոմային զենք ստեղծելուն` Իրանի միջուկային սպառնալիքից պաշտպանվելու համար: Հարցման մասնակիցների 53,9 %-ի կարծիքով՝ սեփական ատոմային զենքն ավելի արդյունավետ կպաշտպանի իրանական միջուկային սպառնալիքից, քան ՆԱՏՕ-ի անդամ-երկրների օգնությունը։
  • Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ռազմական ոլորտում համագործակցելու շուրջ պայմանավորվել է Թուրքիայի ու Թաիլանդի ղեկավարների հետ:
  • Օբամայի վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել Հյուսիսային Կորեային մթերային օգնության հատկացումը՝ ի պատասխան այդ երկրի ծրագրած արբանյակի արձակմանը:
  • Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով ժամանակավոր օգնական Փիլթեր Լևոյը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ԶՈՒ հարցերով կոմիտեի լսումներին ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Ասիայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր տեղադրելու ծրագրի համար պատճառ է եղել Հյուսիսային Կորեայից սպառանցող վտանգը: Դեռ երեկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը Դուշանբեում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիայում նոր ռազմական բազա հիմնելու մտադրություն չունի:
  • Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովի սկզբից անմիջապես հետո Բաղդադի կենտրոնական, առավել անվտանգ «Կանաչ գոտում» երկու պայթյուն է որոտացել: Դրանցից մեկը տեղի է ունեցել Իրանի դեսպանատան մոտակայքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *