Մարտի 29-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Քաղաքական և Գործընկերության կոմիտե + Հայաստան» ձևաչափով ամենամյա հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը և Կոմիտեի` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում պաշտպանական բարեփոխումները և պաշտպանական օրենսդրության ոլորտում վերջին նախաձեռնությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել զինված ուժերի նոր կարգապահական կանոնագրքի ընդունման, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձևավորման օրենսդրական փաթեթի, նոր «Ռազմական կրթության հայեցակարգի» և խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման գործընթացներում նկատված էական առաջընթացին:
Դաշինքը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: