Ամերիկացի դիվանագետները Foreign Policy-ի լրագրողին հայտնել են, որ Իսրայելը Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրացրել է, որպեսզի հնարավորություն ստանա այդ երկրի տարածքից գրոհել Իրանի վրա: Նրանք նշել են, որ Իսրայելը իրավունք է ստացել օգտագործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող չորս չօգտագործվող բազաները, որոնք տեղակայված են Իրանի հետ սահմանին:
«ԱՄն-ն ուշադիր հետևում է Իրանի շուրջ տեղի ունեցողին, իսկ այժմ հետևում ենք նաև, թե ինչ է անում Իսրայելը Ադրբեջանում: Չի կարելի ասել, թե դա մեզ ուրախացնում է»,- հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:
Մասնագետները նշում են, որ ադրբեջանական տարածքի օգտագործումը իսրայելցիներին հնարավորություն կտա չօգտվել վերալիցքավորող-ինքնաթիռների ծառայություններից: ԱՄՆ հետախուզական ծառայությունների հաղորդմամբ՝ վառելիքի քիչ ծախսը առավել իրական է դարձնում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը:
Աղբյուրը հավելել է, որ դա չի նշանակում, թե Իսրայելն անկասկած կհարվածի Իրանին, այլ դա վկայում է հարվածելուն ակտիվ պատրաստվելու մասին:
Իսկ ադրբեջանական կողմը հերթական անգամ շտապել է հերքել լուրը՝ ասելով, թե Ադրբեջանը ոչ մի դեպքում իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ գործողությունների համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը:
«Իրանը մեր մոտ հարևանն է և Ադրբեջանի տարածքը երբեք չի օգտագործվի Իրանի դեմ գործողություններում»,- անդրադառնալով Foreign Policy-ի հրապարակմանը՝ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակաքաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր նման հրապարակումից հետո Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվում է արտգործնախարարություն և, որպես կանոն, հերքում նման լուրերը:
Աղբյուր՝ Азербайджан открыл Израилю возможность атаковать Иран
2 responses to “Իսրայելն Իրանի դեմ կօգտագործի Ադրբեջանի 4 բազաները. ԶԼՄ-ներ”