Ռուսաստանի ռազմածովային ուժերի սպառազինությունը համալրվել է բալիստիկ նոր հրթիռով

Ռուսաստանի ռազմածովային ուժերի սպառազինությունը համալրվել է սուզանավերից արձակման համար նախատեսված բալիստիկ նոր հրթիռով։ Լայներ անվանումը ստացած բալիստիկ հրթիռը կհամալրի Դելֆին նախագծի ատոմային սուզանավերի սպառազինությունը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան Ինտերֆաքս լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչության իր աղբյուրին։

Լայներ (ռուս.՝Лайнер) բալիստիկ հրթիռի փորձարկումների փուլն ավարտվել էր 2011-ի հոկտեմբերին։ Դրա շրջանակներում 2011-ի մայիսի 20-ին և 29-ին իրականացվել էին հրթիռների փորձնական երկու արձակում, որոնք ունեցել են հաջող արդյունք։ Նախատեսվում է, որ Լայներները շահագործվելու են ներկայումս ՌԴ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) սպառազինությունում առկա Սինևա (ռուս.՝ Синева) բալիստիկ հրթիռների հետ համատեղ։

Նշենք, որ Լայներ բալիստիկ հրթիռը Սինևայի կատարելագործված տեսակն է և մի շարք չափորոշիչներով գերազանցում է իր նախորդին։ Լայներ բալիստիկ հրթիռի մարտական մասը կարող է համալրվել փոքր հզորության մինչև 10 և միջին հզորության մինչև 4 մարտական բլոկներով։ Ի տարբերություն իր նախորդին, նոր հրթիռն ավելի դիմացկուն է հակառակորդի հակահրթիռային պաշտպանության տարրերի նկատմամբ։

Հավելենք, որ պաշտոնապես Լայներ բալիստիկ հրթիռի մարտավարատեխնիկական տվյալների մասին տեղություն դեռևս չի հաղորդվել, սակայն որոշ տվյալներ այդուամենայնիվ հայտնի են։

Ըստ այդմ, 15 մետր երկարություն ունեցող հրթիռի զանգվածը շուրջ 40 տոննա է։ Դելֆին (ռուս.՝ Дельфин) նախագծի սուզանավից հրթիռները կարող են արձակվել նաև համազարկային կրակով։ Արձակումը կարող է կատարվել մինչև 55 մետր խորության և սուզանավի շարժման մինչև 13 կմ/ժ արագության պայմաններում։

Հավելենք նաև՝ նախատեսվում է, որ բալիստիկ նոր հրթիռների համալրումով ՌԴ ՌԾՈւ Դելֆին նախագծի սուզանավերի շահագործման ժամկետը կերկարաձգվի առնվազն մինչև 2030 թվականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *