Ադրբեջանի իրավապաշտպաններից մեկը հանդիպելու է Զաքիր Հասանովին

Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Էլչին Բեհբութովը, որը 2013-ին հետաքրքիր մանրամասներ էր հրապարակել Ադրբեջանի զինուժում ինքնասպանության դեպքերի վերաբերյալ, պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։

Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Էլչին Բեհբութով

Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Էլչին Բեհբութով

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Էլչին Բեհբութովի խոսքերով՝ նա արդեն խոսել է Զաքիր Հասանովի հետ, պայմանավորվել ապրիլի 5-ին հանդիպելու համար, որպեսզի քննարկեն զինված ուժերում տիրող մթնոլորտն ու մարդու իրավունքների խախտումները։

Նկատենք, որ դեռևս 2013-ի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը հանդես էր եկել աղմկահարույց զեկույցով, որի համաձայն հանձնաժողովը ստացել է կտտանքներին ու անմարդկային վերաբերմունքին առնչվող 115 բողոք, որոնցից 5-ը վերաբերում է մահվան դեպքերին, ու բոլոր 5-ն էլ գրանցվել են Ադրբեջանի զինված ուժերում։

Ընդ որում, Կտտանքների դեմ հանձնաժողովը հաստատում է, որ 2013-ին առնվազն 5 զինծառայող Ադրբեջանում մահացել է բռնության կիրառման պատճառով, մինչդեռ, ինչպես տեսանք, Ադրբեջանի ՊՆ-ն 5 միջադեպերի դեպքում բռնության վարկածը չի հիշատակում, ավելին՝ 5 միջադեպից 2-ը ներկայացվում է որպես ինքնասպանություն, խոստանում է տրամադրել անհայտ պատճառով մյուս մահացածի փորձաքննության տվյալները, սակայն մինչև տարեվերջ այդպես էլ չի հաղորդում, մյուս դեպքում բռնության հետքեր կրող դիի լուսանկարները հայտնվելուց հետո էլ պաշտոնական աղբյուրներում խոսք չկա հետաքննություն սկսելու մասին, վերջին դեպքում էլ որպես պատճառ նշվում է սրտի կաթվածը։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա 2014-ի առաջին 3 ամսում ադրբեջանական զինուժի հայտարարած 16 զոհերից մարտական են միայն 5-ը, իսկ ոչ մարտականներից առնվազն 6-ն ինքնասպանության միջադեպեր են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *