ՆԱՏՕ-ի ԱԳՆ նախարարները եվրոատլանտյան ինտեգրացման հարցում օժանդակում են Վրաստանին

Ապրիլի 2-ին ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի շրջանակներում` ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ։ Նրանք քննարկել են Վրաստանում բարեփոխումների իրականացման և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցեր։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։

Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Անդերս Ֆոգ Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները շեշտել են, որ աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` այդ երկրի` միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հավելել, որ սատարում են Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացման ձգտումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ որպես Դաշինքին միանալ ցանկացող երկիր`Վրաստանը ՆԱՏՕ-ի համար առանձնահատուկ գործընկեր է, և իրենք բարձր են գնահատում քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը։

«Վրաստանը ՆԱՏՕ-ին չանդամակցող այն երկրներից է, որն  Աֆղանստան խաղաղապահ առաքելության համար ամենամեծ զորախումբն է ուղարկել: Այս երկիրը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական և պաշտպանական բարեփոխումներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հայտարարության՝ Վրաստանը կարող է մոդել դառնալ տարածաշրջանի համար։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել էր, որ. «Ոչ Ուկրաինան, ոչ էլ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չեն»։ Դրանից հետո Վրաստանի իշխանությունները սկսեցին մեկնաբանել ԱՄՆ նախագահի ելույթը, նշելով, որ իրենք երբեք էլ չեն ասել, որ առաջիկա գագաթնաժողովում Վրաստանին ՆԱՏՕ կընդունեն։

«Մենք միշտ ասել ենք, որ գագաթնաժողովում մեր ունեցած առաջընթացն են քննարկելու։ Մենք այդ ճանապարհին ենք և ոչ ոք դրա դեմ ոչինչ չի ասել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով այն համոզմամբ, որ Վրաստանը մի օր ՆԱՏՕ-ի անդամ կդառնա»,- հայտարարել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Նշենք, որ վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր, թե արդյոք Վրաստանն առաջիկա գագաթնաժողովում կանդամակցի ՆԱՏՕ-ին, թե՝ ոչ։ Ենթադրվում է, որ նման խոսակցությունների առիթ է դարձել վերջին շրջանում Վրաստանի ակտիվ քաղաքականությունը, մասնավորապես այն հայտարարությունը, որ 2015 թվականից Վրաստանը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս կդառնա, իսկ հովանավոր երկիր կլինի ԱՄՆ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *