Չինական CPMIEC ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիայի հետ կնքվելու է մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ պայմանագիրը, որի ստորագրումը ձգձգվում է 2013-ի սեպտեմբերից։
CPMIEC-ի ներկայացուցիչ Վու Յանը մասնակցել է Դոհայում անցկացված DIMDEX 2014 ռազմական ցուցահանդեսին, որի ժամանակ էլ հայտարարել, թե Թուրքիայի հետ գործարքը «գրեթե կնքված է», սակայն հստակ ժամկետներ չի նշել, տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։
Նշենք, որ 2013-ի սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի ու ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել էր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում էր Թուրքիայի համար գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, որոնք այդ երկիրը ներկայում չունի։
3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան Patriot PAC3, ռուսաստանյան Ս-300, ֆրանս-իտալական Samp T ՀՕՊ, չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) համակարգերը։
Նիստի ժամանակ որոշում էր կայացվել ընտրել չինական տարբերակը, քանի որ այն ամենամատչելին էր և հնարավորություն էր տալիս համատեղ արտադրություն հիմնել։
Այս որոշումից խիստ դժգոհ էին մնացել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չինական զենիթահրթիռային համալիրները չեն կարող ինտեգրվել Դաշինքի ՀՕՊ համակարգին, ինչի արդյունքում դրանց արդյունավետությունը զգալի նվազում էր։
Այնուամենայնիվ, Թուրքիան չի շտապում պայմանագիր կնքել չինական կողմի հետ՝ հույս ունենալով մրցույթի մասնակիցներից ստանալ ավելի հարմար առաջարկներ։ Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ Թուրքիան մրցույթի մասնակիցներին տեղեկացրել էր, որ փոփոխված հայտերն ընդունելու է մինչ ապրիլի 30-ը։
Հավելենք, որ չինական HQ-9 զենիթահրթիռային համալիրները խորհրդային Ս-300 ԶՀՀ-ների արդիականացված և փոփոխված տարբերակն են։