Ռուսաստանը Ղրիմում կվերականգնի հրթիռային ավիացիայի գունդը

Ռուսաստանը մտադիր է մինչ 2016-ը վերականգնել Ղրիմում դեռևս խորհրդային տարիներին հիմնված հրթիռային ավիացիայի գունդը՝ համալրելով այն Տու-22Մ3 հեռավոր ավիացիայի ռմբակոծիչներով։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ավիատեխնիկայի զգալի համալրում նախատեսվում է իրականացնել նաև Սևաստոպոլի ավիաբազայում։ Վերջինիս ավիապարկը կհամալրվի Սու-27 կործանիչներով, Տու-142 և Իլ-38 հականավային ինքնաթիռներով։ Կհամալրվի նաև ուղղաթիռային ավիապարկը՝ ստանալով Կա-27 և Կա-29 մարտական ուղղաթիռներ։

Նշենք, որ դեռևս 1970-ականներին Սևծովյան նավատորմն ուներ հրթիռային ավիացիայի 3 գունդ, որոնք տեղակայված էին Ղրիմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո ավիատեխնիկայի զգալի մասը դուրս բերվեց իսկ ավիացիոն գնդերը կազմալուծվեցին։ Այժմ արդեն, աշխարհաքաղաքական նոր զարգացումների պարագայում, միանգամայն տրամաբանական է, որ ՌԴ զինված ուժերի ներկայությունն այս տարածաշրջանում զգալիորեն կաճի։

Հավելենք, որ ներկայումս ՌԴ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմը Սևաստոպոլում տեղակայված ավիաբազայում ունի ուղղաթիռային մեկ գունդ՝ Կա-27, Մի-14 և Մի-8 ուղղաթիռներով և առանձին ավիագունդ՝ համալրված Սու-24 ռմբակոծիչներով, ԱՆ-2, Ան-12, Ան-26 բեռնատար ու Բե-12 հականավային ինքնաթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *