Մեքսիկան գնում է ամերիկյան ուսումնամարտական ինքնաթիռներ

Մեքսիկայի ռազմածովային ուժերն ամերիկյան Beechcraft ընկերությանը պատվիրել են 2 միավոր T-6C+ Texan II ուսումնամարտական ինքնաթիռներ։ Գնման փաստը հաստատել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը, որը ավելի վաղ նույն ամերիկյան ընկերությունից արդեն ձեռք էր բերել նմանատիպ ինքնաթիռներ իր ռազմաօդային ուժերի համար։

T-6C+ Texan II ուսումնամարտական ինքնաթիռ, Մեքսիկայի ՌՕՈւ

T-6C+ Texan II ուսումնամարտական ինքնաթիռ, Մեքսիկայի ՌՕՈւ

Ինչպես հետևում է Beechcraft ընկերության պաշտոնական հաղորդագրությունից, Մեքսիկային 2 միավոր ինքնաթիռները տրամադրվելու են 2014-ի ամռանը։ Բացի այդ, առաջիկայում ակնկալվում է Մեքսիկայի ՌԾՈւ-ի հետ նոր երկամյա պայմանագրի կնքում, որը ենթադրում է ինքնաթիռների պահեստամասերի տրամադրում, օդաչուների ու տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստում։ Նոր պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2015-ի փետրվարը։

Հիշեցնենք, որ առաջին 12 միավոր T-6C+ Texan II ինքնաթիռները Մեքսիկան գնել էր 2012-ի հունվարին։ Նոր ինքնաթիռները Մեքսիկայի օդուժում փոխարինել են հնացած PC-7 Turbo Trainer-ներին։

Հավելենք, որ T-6C+ Texan II ինքնաթիռները T-6A ուսումնամարտական ինքնաթիռի արդիականացված տարբերակն են, տարբերվում են վերջինից օդաչուի խցիկի թվային համակարգերով։ Ինքնաթիռն ունակ է բացել մինչև 585 կմ/ժ արագություն՝ թռիչքներ կատարելով մինչև 1.7 հազար կմ հեռավորության վրա, երկարությունը 10 մ է, թևերի բացվածքը՝ ևս 10 մ, մեկ միավորի արժեքը մոտ 4 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *