Եգիպտոսի պաշտպանության նախարարը հեռացել է պաշտոնից՝ նախագահ դառնալու ակնկալիքով

Եգիպտոսի պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին մարտի 26-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաստատելով, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից, այլևս Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար չէ, փոխարենը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնին։

ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսի

ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսի

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ալ-Սիսին իր ելույթի ընթացքում շեշտել է՝ ինքը չի կարող «հրաշքներ գործել», ուստի Եգիպտոսի յուրաքանչյուր բնակիչ պետք է քրտնաջան աշխատի երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ։

Բացի այդ, ֆելդմարշալը խոստացել է պայքար մղել Եգիպտոսում ահաբեկչության վերացման ուղղությամբ՝ երկրում «վախի մթնոլորտը ցրելով»։

Նկատենք, որ «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման արձագանքը սպասեցնել չի տվել։ Շարժման ներկայացուցիչները հավաստիացրել են՝ ալ-Սիսիի պաշտոնավարման դեպքում Եգիպտոսի ներսում երբևէ անվտանգ ու խաղաղ չի լինի։

Ալ-Սիսին հայտարարել էր նախագահի պաշտոնին առաջադրվելու իր ծրագրերի մասին դեռևս 2014-ի փետրվարի սկզբին։ Ակնկալվում էր, որ օրեր անց նա կթողնի նախարարի պաշտոնը, քանի որ ըստ Եգիպտոսի Սահմանադրության՝ կառավարության անդամն իրավասու չէ նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու։ Ընդ որում, փետրվարի 24-ին արդեն կառավարությունը հրաժարական էր տվել, ինչն էլ փորձագետները կապում էին հենց ֆելդմարշալի առաջադրման նախապատրաստման հետ։ Սակայն, ալ-Սիսին անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ՝ վկայելով, որ նախարարի պաշտոնը չի թողնելու այնքան ժամանակ, մինչև «ընտրությունների վերաբերյալ ամեն ինչ պարզ չդառնա, ու բոլոր օրենքները հստակեցվեն»։

Հավելենք նաև, որ ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին Եգիպտոսում ամենամեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչներից է, չնայած նրան, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ադլի Մանսուրը: Վերջինս պետությունը ղեկավարում է ժամանակավորապես և նշանակվել է այդ պաշտոնում զինվորականների աջակցությամբ: Նախագահ Մանսուրը Սիսիին շնորհել է ֆելդմարշալի զինվորական կոչում, որը բարձրագույնն է եգիպտական բանակում։

2013-ի հուլիսին եգիպտական բանակը գահընկեց արեց նախագահ Մոհամմադ Մուրսիին, ինչին նախորդել էր շաբաթներ տևած ժողովրդական բողոքի ալիքը: Վիճակը կայունացավ, երբ ծավալվող իրադարձություններին միջամտեց բանակը: Այդ պահից ի վեր երկրի ղեկավարման գործում առանցքային նշանակության հարցերը համաձայնեցվում են զինված ուժերի զինվորական բարձրագույն խորհրդի հետ:

Եգիպտոսում նախագահական ընտրությունները նախանշված են 2014-ի ապրիլի վերջին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների հայտերն ընդունելու է փետրվարի 18-ից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *