Ներքին խմորումներ Ադրբեջանի ռազմական կառույցների ղեկավարների միջև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը պաշտոնավարում է 2013-ի հոկտեմբերի 22-ից, կադրային կտրուկ փոփոխությունների իրականացման հետևանքով նախկին նախարար Սաֆար Աբիևի մտերիմ զինվորականների զգալի մասին հեռացնելուց հետո թերևս փորձում է իր ազդեցությունը տարածել նաև Ադրբեջանի ռազմականացված այլ կառույցների վրա:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի ղեկավար, գեներալ-մայոր Արազ Մամեդով

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի ղեկավար, գեներալ-մայոր Արազ Մամեդով

Ինչպես գրում է ադրբեջանական Azpolitika.info լրատվակայքը, վերջին շրջանում սրված են Հասանովի ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի հարաբերությունները: Վերջինս համարվում է Սաֆար Աբիևի մտերիմ զինվորականներից:

Կայքը, հղում տալով սեփական աղբյուրներին, գրում է, որ Հասանովն իր հերթին մտերիմ է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի ղեկավար, գեներալ-մայոր Արազ Մամեդովի հետ: Նախարարը փորձում է միջնորդել, որպեսզի մոտ ապագայում Գուլիևին հեռացնեն և նրա պաշտոնը զբաղեցնի հենց Մամեդովը:

Նշենք, որ Մամեդովի մասին քիչ բան է հայտնի: 2010-ի օգոստոսին նախագահ Իլհամ Ալիևը նրան պարգևատրել է «Մարտական ծառայության համար» մեդալով։ 2012-ի հունիսի 12-ին Մամեդովին նշանակել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի ղեկավար։ Կաշառակերության կամ այլ բարձրաստիճան զինվորականների հետ ներքին հակասությունների վերաբերյալ սկանդալներում Մամեդովի անունը մինչ օրս չի հիշատակվել:

Բարդ է ասել՝ որքանով են Azpolotika.info-ի հաղորդած տեղեկությունները համապատասխանում իրականությանը. այլ աղբյուրներ սույն թեմային այս պահի դրությամբ չեն անդրադարձել:

Այնուհանդերձ, նկատենք, որ օրերս «Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի» կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ լրագրողների աչքից չի վրիպել, որ Ադրբեջանի ռազմականացված կառույցների ղեկավարները բոլորը հրավիրված են, սակայն սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևն անհայտ պատճառներով ներկա չէ: Փոխարենը միջոցառմանը եկել էր Արազ Մամեդովը և նստել Զաքիր Հասանովի կողքին:

Հիշեցնենք նաև՝ երբ մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը  հեռացվել է պաշտոնից, լուրեր շրջանառվեցին, որ նրա հեռացման հարցում անմասն չի մնացել Հասանովը: Շահին Սուլթանովը ևս նախկին նախարար Աբիևի կադրերից էր:

Հավելենք, որ Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկի՝ Ուզեիր Ջաֆարովի խոսքերով՝ Ադրբեջանի ՊՆ-ն կադրային փոփոխությունների մեծ մասի վերաբերյալ լռում է, քանի որ բարձր պաշտոնները «բաժանվում են Զաքիր Հասանովի հարազատների ու բարեկամների միջև»:

Կարդացեք նաև՝ Զաքիր Հասանովի 100-օրյա պաշտոնավորման ամփոփումը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *