Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխեիլ Դարչիաշվիլին մարտի 28-ին աշխատանքային այցով ժամանելու է Ադրբեջան։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան զինվորականների հետ։
Ակնկալվում է նաև, որ Դարչիաշվիլու գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիա, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, Ադրբեջանի ԶՈւ ուսումնական կենտրոն։
Հայտնի է, որ Վրաստանի պաշտպանության փոխնախարարի այցը տևելու է մինչև մարտի 29-ը։
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը մեկնել էր Վրաստան՝ Վրաստանի ԶՈւ ուսումնական հաստատություններում կրթական համակարգին ծանոթանալու նպատակով:
Նկատենք, որ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունները դեռևս 2013-ի մարտի սկզբին 2013-ի կտրվածքով երկկողմ համագործակցության համաձայնագիր էին ստորագրել. Վրաստանի կողմից ստորագրել էր Իրակլի Ալասանիան, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար Սաֆար Աբիևը: Համաձայնագրի մանրամասները հայտնի չեն: