ԱՄՆ զինուժը ծրագրում է գնել անօդաչուների հայտնաբերման ու ոչնչացման համակարգեր

ԱՄՆ զինուժի հրամանատարությունը հայց է ներկայացրել, որի համաձայն ամերիկացի զինվորականները պատրաստ են ձեռք բերել անօդաչու թռչող սարքեր հայտնաբերող, տարբերակող, դասակարգող ու ոչնչացնելու ունակ հատուկ համակարգեր։

Ինչպես հաղորդում է Flightglobal.net կայքը, զինվորականներին հետաքրքրում է ցանկացած տիպի նմանօրինակ համակարգեր՝ կինետիկ, ոչ կինետիկ, այդ թվում՝ լազերային։

ԱՄՆ ռազմածովային ուժերը դեռևս 2012-ի հունիսին Dewey ականակիր նավի վրա տեղադրել էին հայտնաբերման լազերային համակարգ և փորձարկել այն անօդաչուների հայտնաբերման շրջանակներում, սակայն փորձարկումների արդյունքները բավարար չեն եղել։

Նշենք, որ ամերիկյան զինվորականները ժամկետներ են սահմանել հայտերի ընդունման համար. մրցույթի մասնակիցների հայտերն ընդունվելու են մինչև 2014-ի ապրիլի 1-ը, իսկ ապրիլի 30-ին ընտրված ընկերությունների հետ երկօրյա բանակցություններ են տարվելու։ Սույն քննարկումների ընթացքում էլ կանխորոշվելու են անօդաչուներից պաշտպանվելու համակարգերի համապատասխան չափորոշիչները։ Նախնական տվյալների համաձայն՝ դրանք պետք է ընդգրկեն նաև կրակի կառավարման, ռադիոտեղորոշման սարքեր։

Նկատենք, որ ԱՄՆ զինուժի հրամանատարությունը հավաստիացրել է՝ իրենք իրականում վաղուց ունեն զենիթահրթիռային բազմաթիվ համակարգեր, որոնք ըստ էության ունակ են խոցելու անօդաչու թռչող սարքեր, սակայն խնդիրն այն է, որ այդ գործողություններն արդարեցված ու նպատակահարմար չեն լինի նյութական ծախսերի տեսանկյունից։ Ուստի, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ զինուժն ակնկալում է ձեռք բերել անօդաչուների հայտնաբերման ու ոչնչազման ոչ թանկարժեք համակարգեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *