Հնդկաստանը հակատանկային արկեր է գնելու Ռուսաստանից

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է հակատանկային արկեր գնելու պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։ Պայմանագրով Հնդկաստանը կգնի 66 հազար միավոր Մանգո արկեր, ինչի մասին հայտնում է Հնդկաստանի խոշորագույն PTI գործակալությունը։

Զրահահար-ենթատրամաչափային արկերը Հնդկաստանը գնելու է սպառազինության մեջ առկա Տ-90 տանկերի 125 մմ-անոց թնդանոթների համար։ Արկերի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ հնդկական սպառազինության մեջ դրանցից քիչ էր մնացել։ Ըստ տարածված լուրերի՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարը վարչապետին ուղղված նամակում հայտնել էր, որ պահեստներում եղած արկերի քանակը կբավականացնի ընդամենը 3-4 օր տևողությամբ ակտիվ մարտական գործողությունների համար։

Հակատանկային զրահահար-ենթատրամաչափային «Մանգո» արկի սխեման ու կրակոցի կտրվածքը

Հակատանկային զրահահար-ենթատրամաչափային «Մանգո» արկի սխեման ու կրակոցի կտրվածքը

Ենթադրվում է, որ Հնդկաստանը կարող է պայմանագրում կետ ներառել, որով արկերը կարտադրեն հենց Հնդկաստանում, ինչի համար կստեղծեն ռուս-հնդկական համատեղ ձեռնարկություն, իսկ ռուսաստանյան կողմը կտրամադրի «Մանգո» արկերի արտադրության տեխնոլոգիաները։

Մանգո արկերը նախատեսված են տանկերի ու այլ զրահատեխնիկայի ժամանակակից բազմաշերտանի զրահը խոցելու համար։ Արկերի միջուկները պատրաստվում են վոլֆրամի բարձր ամրության համաձուլվածքից ու պատվում են շուտ հալվող համաձուլվածքից պատրաստված պատյանով։ Զրահին դիպչելու ժամանակ պատյանը արագ հալվում է, իսկ միջուկը խոցում ու անցնում է զրահի մեջ բացված անցքով։

Արկերը նախատեսված են խորհրդային/ռուսաստանյան/ուկրաինական Տ-80, Տ-90 տանկերի թնդանոթների համար, լայնորեն տարածված են ու արտահանվում են տանկերի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *