ՌԴ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ղրիմ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգ այցելության շրջանակներում մարտի 24-ին ժամանել է Ղրիմի թերակղզի ՌԴ ՊՆ ղեկավար անձնակազմի անդամների հետ միասին։

 

 

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Շոյգուի գլխավորած պատվիրակությունը ստուգումներ է անցկացրել ՌԴ Սևծովյան նավատորմի զորամասերում ու կայաններում՝ ստուգելով հիմնականում ռազմական օբյեկտների գործածության աստիճանը։

Այցի շրջանակներում Սերգեյ Շոյգուն նաև հանդիպել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովին, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովին, Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին։ ՌԴ պաշտպանության նախարարը նրանց հետ քննարկել է նավատորմի սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված համաձայնեցված քայլերի իրականացման հարցերը։ Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին զեկուցել են, որ տարածաշրջանում իրավիճակը համեմատաբար խաղաղ է, բնակիչները զբաղված են իրենց գործերով։

Հիշեցնենք, որ Սերգեյ Շոյգուն Ղրիմ կատարած աշխատանքային այցի ընթացքում փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել էր Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ։

Մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *