Թուրքիայում դժգոհ են մասնավոր ռազմարդյունաբերական ընկերություններից

Թուրքիայի պաշտպանության նախարարությանը ենթակա ռազմարդյունաբերության քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը դժգոհություն է հայտնել երկրի ռազմարդյունաբերական ոլորտի մասնավոր ընկերություններից։

Բայարը նշել է, թե մասնավոր ընկերությունների արտադրանքի որակը չի համապատասխանում ընդունված չափանիշներին, ինչպես նաև նրանց մոտ կաղում է գիտահետազոտական աշխատանքը, ինչպես նաև խնդիրներ կան հեռանկարային ներդրումների հարցում։

«Ցավոք, մասնավոր հատվածի հետ կապված մենք մեզ վստահ ու հարմարավետ չենք զգում։ Որքան աշխատում ենք մասնավոր հատվածի հետ, այնքան ավելի ենք հիասթափվում։ Մենք պետք է փոխենք մեր քաղաքականությունն այս հարցում։ Պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել։

Մենք նոր մոդել հորինելու կարիք չունենք, աշխարհի տարբեր երկրներ շատ հաջող աշխատող մոդելներ ունեն, որոնց օրինակը կարող ենք օգտագործել»,-նշել է Բայարը։

Վերջինս որպես ձախողման օրինակ է բերել BMC մասնավոր ընկերությունը, որն արտադրում էր թուրքական զինուժի Քիրփի (թուրք՝ Kirpi) զրահամեքենաները։  BMC ընկերությանը, որը 2013-ին սնանկ էր ճանաչվել, առաջիկայում պետք է աճուրդի հանվի։ Ընկերության պարտքը կազմում է շուրջ 455 մլն ամերիկյան դոլար։

Նշենք, որ Թուրքիայի խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունները հիմնականում պետական են, ինչպես օրինակ՝ TAI-ը, Aselsan-ը, Havelsan-ը, MKE-ն, Roketsan-ը։ Մասնավոր խոշոր ընկերություններից է Otokar-ը, որը զբաղվում է Kobra զրահամեքենաների արտադրությամբ և թուրքական առաջին տանկի՝ Altay-ի մշակմամբ։

Հավելենք, որ Թուրքիան վերջին տարիներին զգալի ուշադրություն է հատկացնում ռազմարդյունաբերական ոլորտին, որը զարգացնելով ցանկանում է ոչ միայն բավարարել թուրքական զինուժի կարիքները, այլ նաև ակտիվորեն փորձում է արտահանել տեղական ռազմական նշանակության արտադրանքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *