Ուկրաինայի նախագահը դուրս է բերում զորամասերը Ղրիմից ու Սևաստոպոլից

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել, որը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի դուրսբերումը Ղրիմի ու Սևաստոպոլի տարածքից՝ այդպիսով հաստատելով Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մարտի 23-ի որոշումը։

Տուրչինովի հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Հրամանագրի տեքստում Ղրիմն ու Սևաստոպոլը ներկայացված են որպես «ժամանակավորապես բռնազավթված տարածքներ»։

Նախագահի հրամանագրի իրականացման պարտավորությունը ստանձնել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը։
Նշենք, որ մարտի 24-ին Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը հայտարարել էր՝ Ղրիմի տարածքում Ուկրաինայի զինծառայողներ այլևս չկան. նրանք կամ անցել են ՌԴ-ի կողմը, կամ էլ լքել են Ղրիմն ու Սևաստոպոլը։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարն էլ իր հերթին արձագանքել էր, որ ուկրաինացի զինծառայողները լքում են Ղրիմը, քանի որ «արդեն կատարել են իրենց պարտականությունը, ուկրաինական բանակի համար ժամանակ են շահել երկրի պաշտպանությանը նախապատրաստվելու»։

Հիշեցնենք նաև, որ աշխատանքային այցով Ղրիմում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել էր Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, մինչդեռ Ալեքսանդր Տուրչինովի՝ մարտի 1-ի հրամանագրով Բերեզովսկին զբաղեցրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։

Ուկրաինական կենտրոնական իշխանություններն ի պատասխան Բերեզովսկու նման քայլին՝ նրա նկատմամբ «պետական դավաճանություն» հոդվածով քրեական գործ են հարուցել։

Նկատենք, որ ուկրաինական 3 նավեր, այդ թվում` Դոնբաս կառավարման նավը, Կրեմենեց փրկարարական քարշակ-նավն ու Բորշիվ հակահրդեհային կատերը, Ուկրաինայի ռազմածովային ուժերի դրոշի փոխարեն մարտի 20-ի առավոտյան բարձրացրել էին Ռուսաստանի ռազմածովային ուժերի անդրեևյան դրոշը։
ՌԴ սևծովյան նավատորմի նախկին հրամանատար Վլադիմիր Կոմոյեդովը հայտնել է, որ ներկայում Ղրիմում է Ուկրաինայի ամբողջ նավատորմի 40 նավերից 20-ը։ Ղրիմի հանրաքվեից հետո այդ 20 նավերը կարող են ներառվել նախ Ղրիմի՝ որպես անկախ պետության զինված ուժերի, այնուհետև՝ Ռուսաստանի սևծովյան նավատորմի կազմում։

Ուկրաինայի միակ 641 նախագծի Զապորոժիե սուզանավը մարտի 22-ին ևս համալրել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի կազմը՝ բարձրացնելով անդրեևյան դրոշը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *