Ադրբեջանում Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերաններ Վագըֆ Հանբաբաևը, Նամիք Ալիևը, Ֆաիգ Մուսաևն ու Նաթիգ Բագիրովը դժգոհություններ են հայտնել լրատվամիջոցներին, որ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանամերձ Ղազախի շրջանում տեղակայված Արցախյան պատերազմում զոհվածների գերեզման-հուշարձանը՝ այսպես կոչված «շեհիդների ծառուղին», բարձիթողի վիճակում է։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Azadlıq թերթի կայքը, Նամիք Ալիևը խոստովանել է. «Ծառուղում ցայտաղբյուր տեղադրեցին, բայց այդպես էլ ջուր չկա։ Տեսե´ք, թե ինչպես են թուրքերը պատվում իրենց հերոսներին, իսկ Ադրբեջանում հերոսների գերեզմաններն աղբանոցից չեն տարբերվում»։
Ֆաիգ Մուսաևն էլ իր հերթին մանրամասնել է, որ իրենք չէին զլանա, անձամբ կվերանորոգեին «շեհիդների ծառուղին», սակայն բավարար նյութական միջոցներ չունեն։ Նրա խոսքերով՝ իրենք բազմիցս դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն ապարդյուն։
Նկատենք, որ Ադրբեջանը կիրառում է «շեհիդ» բառը զուտ քարոզչական նպատակներով. «շեհիդ»-ն արաբերեն բառ է, նշանակում է «թշնամիների դեմ պատերազմում հանուն Ալլահի զոհված հավատացյալ»։ Վերջին շրջանում այս բառն օգտագործում են Սիրիայի ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների զինյալները՝ սեփական կորուստների մասին խոսելիս։
Ադրբեջանը փորձում է Արցախյան պատերազմի հետևանքով մարդկային կորուստները բնորոշել՝ որպես «հանուն Ալլահի կյանքը տված զինվորների»։ Նպատակը տպավորություն թողնելն է, որ Արցախյան պատերազմը կռիվ էր իբր «հանուն Ալլահի»՝ այսինքն` «մուսուլմանական աշխարհի» պատերազմ «անհավատների»՝ հայերի դեմ։ Նույն նկրտումներից ելնելով էլ՝ ադրբեջանական կողմը մինչ օրս «շեհիդ» անունով է կնքում հայ-ադրբեջանական սահմանի մարտական զոհերին: