Ադրբեջանում բողոքի ցույց են կազմակերպել ԵԱՀԿ գրասենյակի մոտ

Ադրբեջանում գործող, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» մարտի 23-ին բողոքի ցույց է անցկացրել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի առջև՝ վկայելով, որ այս միջազգային կառույցը «քայլեր չի ձեռնարկում Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ»։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, ցույցի մասնակիցները դժգոհել են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումից անցել է 22 տարի, սակայն «վերջինիս գործողությունները ոլորտում արդյունավետ չեն»։

Ցույցին մասնակցել է ավելի քան 20 հոգի, հնչել են «Մենք չենք հավատում համանախագահներին» և այլ կարգախոսներ։Կազմակերպությունը ներկայացրել է նաև մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերացնել։

Համաձայն աղբյուրի՝ ոստիկանությունը ցույցը ցրել է, և դրա մասնակիցները չեն կարողացել հանդիպել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Նկատենք, որ Նիդերլանդների Թագավորություն այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Բացի այդ, Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ։

Հարկ է շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից բացահայտ դժգոհությունները 2007-ից ի վեր մինչև վերջերս կազմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների անբաժանելի մի մասը։ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը ևս կոշտ էր արտահայտվում այս միջազգային կառույցի վերաբերյալ պաշտոնական հանդիպումներին։ Ինչ վերաբերում է նոր նախարար Զաքիր Հասանովին, ապա վերջինս, ինչպես և Իլհամ Ալիևը 2013-ի հոկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, որդեգրել են ավելի մեղմ դիրքորոշում ԵԱՀԿ-ի նկատմամբ, միջազգային կառույցից սուր դժգոհությունները շարունակվում են թերևս ավելի ցածր հարթակներում՝ տեղական ՀԿ-ների և հասարակական անձանց կողմից։

One response to “Ադրբեջանում բողոքի ցույց են կազմակերպել ԵԱՀԿ գրասենյակի մոտ

  1. Pingback: Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *