Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, ԵԱՀԿ մշտադիտարկումների արդյունքները, Արցախյան հակամարտության լուծման շուրջ բանակցությունների ընթացքը։
Հարկ է շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից բացահայտ դժգոհությունները 2007-ից ի վեր մինչև վերջերս կազմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների անբաժանելի մի մասը։ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը ևս կոշտ էր արտահայտվում այս միջազգային կառույցի վերաբերյալ պաշտոնական հանդիպումներին։
Ինչ վերաբերում է նոր նախարար Զաքիր Հասանովին, ապա վերջինս, ինչպես և Իլհամ Ալիևը 2013-ի հոկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, որդեգրել են ավելի մեղմ դիրքորոշում ԵԱՀԿ-ի նկատմամբ, միջազգային կառույցից սուր դժգոհությունները շարունակվում են թերևս ավելի ցածր հարթակներում՝ տեղական ՀԿ-ների և հասարակական անձանց կողմից։
Ադրբեջանում գործող, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» մարտի 23-ին բողոքի ցույց էր անցկացրել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի առջև՝ վկայելով, որ այս միջազգային կառույցը «քայլեր չի ձեռնարկում Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ»։