Պանցիր համալիրների նոր արդիականացումը փորձարկումների փուլում է

Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրների (ԶՀՀՀ) Պանցիր-ՍՄ (ռուս.՝ Панцирь-СМ) նոր արդիականացումը փորձարկումների փուլում է։ Նախատեսված է նոր համալիրը Ռուսաստանի զինված ուժերին տրամադրել 2017-ից սկսած։

Այս մասին, ըստ ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, հայտնել է Պանցիր ԶՀՀՀ-ներն արտադրող Տուլայի կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն Դմիտրի Կոնոպլևը։

Պաշտոնյայի խոսքով` նոր համալիրը էականորեն կտարբերվի նախորդ տարբերակներից։ Դրա նախագծման ընթացքում արտադրողները հաշվի են առել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած պահանջները։ Ենթադրվում է, որ նոր համալիրների վրա կտեղադրվեն նոր հրթիռներ ու այլ սպառազինություն։

Մինչ նոր համալիրների սերիական արտադրությունը արտադրող ընկերությունը կշարունակի զինված ուժերին տրամադրել Պանցիր-Ս1 համալրիներ։

Հիշեցնենք, որ Պանցիրների նոր արդիականացման ստեղծման մասին դեռևս հունվարին հայտնել էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Նա հայտարարել էր, որ նոր համալիրն իր մարտավարատեխնիկական բնութագրերով զգալիորեն գերազանցելու է մյուս Պանցիրներին։

Պանցիր Ս-1 ԶՀՀՀ-ն Տուլայի արտադրական ձեռնարկությունում

Պանցիր Ս-1 ԶՀՀՀ-ն Տուլայի արտադրական ձեռնարկությունում

Նշենք, որ Պանցիր-Ս ԶՀՀՀ-ն նախատեսված է հատուկ կարևորության փոքր օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար, մինչև 15 կմ հեռավորության և 20 կմ բարձրության վրա:

Հետաքրքիր է նաև այս ԶՀՀՀ-ների մարտավարական կիրառումը ՌԴ ԶՈւ-ում: Ռուսական ռազմական մի շարք հեռուստահաղորդումներում ցուցադրվող կադրերում երևում է, որ Պանցիր ԶՀՀՀ-ներն ի թիվս այլ գործառույթների, օգտագործում են նաև Տոպոլ (ռուս.՝ Тополь) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շարասյան տեղաշարժի անվտանգությունն ապահովելու համար՝ ներգրավվելով շարասյան կազմի մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *