ԵԱՀԿ ուկրաինացի տեսուչները ստուգելու են ՌԴ-ի ռազմական նշանակության որոշ օբյեկտներ

ԵԱՀԿ առաքելության ուկրաինացի տեսուչների այցը Ռուսաստան դառնալու է այս միջազգային կառույցի թվով վերջին գործողությունը ՌԴ-ի տարածքում, քանի որ ԵԱՀԿ-ն արդեն սպառել է 2011-ին կնքված Վիեննայի պայմանագրով նախատեսված սահմանաչափերը։

Այս մասին ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է  ՌԴ Միջուկային զենքի սպառնալիքի նվազեցման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիժկովը։

Նշենք, որ ուկրաինացի տեսուչները ՌԴ են ժամանելու մարտի 20-ին՝ ստուգումներ անցկացնելու համար Կուրսկի և Բելգորոդի շրջաններում՝ կապված լայնամասշտաբ ռազմական գործունեության առկայության կամ բացակայության հետ։ Ռիժկովի խոսքերով՝ տեսուչները դիտարկումների ժամանակ կիրառելու են ավտոմեքենաներ և ուղղաթիռներ։

Նկատենք՝ ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ լուրեր էին տարածել , որ ՌԴ-ն մեծ թվով ռազմական տեխնիկա է կուտակում Ուկրաինայի հյուսիսային և արևելյան սահմանների մոտ։ Պաշտոնական Կիևն էլ հավաստիացնում է, որ Ռուսաստանն այդպիսով ռազմական գործողության է պատրաստվում իրենց դեմ։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթուղը թույլ է տալիս անդամ երկրներին միմյանց տարածքում տեսչական գործունեություն իրականացնել՝ ստուգելու համար ռազմական նշանակության օբյեկտները։ Ռիժկովը մանրամասնել է՝ սույն համաձայնագրի շրջանակներում 2014-ին ՌԴ-ում արդեն եղել են Լատվիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի տեսուչները և ստուգել են Պսկովի ու Մոսկովյան շրջանները։

Այնուհանդերձ, միջազգային կառույցների տեսուչներն իրավունք ունեն ՌԴ-ի տարածքում ստուգումներ անցկացնել նաև «Բաց երկինք»  պայմանագրի և 2010-ին ՌԴ-ու ԱՄՆ-ի միջև կնքված СНВ-III պայմանագրի շրջանակներում։ Սակայն դեռևս մարտի սկզբին ՌԴ պաշտոնական աղբյուրները վկայել էին՝ ի պատասխան Պենտագոնի՝ ՌԴ-ի հետ համագործակցության կասեցման սպառնալիքներին կչեղարկեն միջազգային պայմանագրերով նախատեսված տեսուչների այցը Ռուսաստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *