Ղրիմի նորանկախ հանրապետության մայրաքաղաք Սիմֆերոպոլում սրվել է իրավիճակը։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ շենքերից մեկի պատուհանից կրակ է բացվել այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի մարտիկների ուղղությամբ, ինչի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր։ Նման հաղորդագրություն է տարածել ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմում տեղակայված Ուկրաինայի ԶՈւ օպերատիվ ապահովման գլխավոր վարչության շենքը ենթարկվել է գրոհի, որին մասնակցել են ՌԴ զինված ուժերի համազգեստով և տարբերանշաններ չունեցող զինծառայողներ։ ՊՆ-ի հաղորդմամբ՝ գրոհի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ԶՈւ զինծառայող, ենթասպա Կակուրինը, ով այդ պահին հերթապահում էր դիտորդական աշտարակում, ևս մեկ զինծառայող ծանր վիրավորվել է։
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է նաև, որ Ղրիմում տեղակայված ուկրաինական զինծառայողներին թույլատրվել է հրազեն կիրառել։ Միաժամանակ, ըստ ՈՒՆԻԱՆ գործակալության հաղորդման՝ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ղրիմում ուկրաինական այն զինծառայողները, որոնք հավատարիմ կմնան իրենց երդմանը, կստանան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ։
Հավելենք, որ այս պահի դրությամբ իրարամերժ տեղեկություններ են տարածվում զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ։ Ռազմինֆոն շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը։
[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Ղրիմի ոստիկանությունը հայտնում է երկու հոգու՝ ուկրաինական զինվորականի և թերակղզու «ինքնապաշտպանության ուժերի» մարտիկի սպանության և մի քանի վիրավորի մասին։ Կատարվածը որակված է որպես սադրանք, հայտնվում է միջադեպի հետաքննության անցկացման մասին։