Ադրբեջանական արձագանքը Ղրիմի հանրաքվեին

2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմն անջատվեց Ուկրաինայից և գերադասեց մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Հանրաքվեից երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, [1] որով կարգադրեց ներառել արդեն անկախացած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմի մեջ։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

Այս զարգացումների համատեքստում ուշագրավ է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը Ղրիմի անկախացմանը, քանի որ վերջինս տեղի ունեցավ միջազգային իրավունքի՝ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա անցկացված հանրաքվեի արդյունքում։
Նշենք միայն, որ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների բարձրացրած աղմուկին հակառակ՝ բավական զուսպ կեցվածք է ընդունել նախագահ Իլհամ Ալիևը, ով մինչ այժմ որևէ կերպ չի արձագանքել Ղրիմում անցկացված հանրաքվեին ու դրան հաջորդած անկախացմանը։
Ադրբեջանական դիրքորոշման նախադրյալները
Ղրիմում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով առաջին անգամ խոսվեց 2014-ի մարտի 4-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական իրադարձությունների շուրջ լրատվամնիջոցների ներկայացուցիչների հետ զրուցելու նպատակով հրավիրեց մամուլի ասուլիս։ Ի թիվս այլ հայտարարությունների և պնդումների, Վլադիմիր Պուտինն անդրադարձավ նաև Ղրիմի բնակչության՝ ազատ ինքնորոշվելու իրավունքին և հայտարարեց՝ ինքը գտնում է, որ միայն այս կամ այն տարածքում ապրող բնակչությունն ունի իրավունք որոշել իր ապագան՝ կամարտահայտման ազատ և անվտանգ պայմաններում։ [2]
Սույն հայտարարությունը յուրօրինակ սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար, քանի որ ակնհայտ էր՝ նույն տրամաբանությամբ կարելի է առաջնորդվել նաև Արցախյան հիմնախնդրի լուծման ընթացքում։ Ուստի տրամաբանական է, որ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը Ղրիմում անցկացվող հանրաքվեի հարցում պետք է լինի խիստ բացասական, ինչն էլ ապացուցվեց հետագա զարգացումներով։ Ադրբեջանը պաշտոնական տարբեր աղբյուրներով շարունակեց վերահաստատել մինչ այդ ստանձնած իր դիրքորոշումը ու տարածեց հայտարարություններ, որոնցում դատապարտում էր հանրաքվեի անցկացումը և նշում, որ ծայր առած խրթին իրավիճակի հանգուցալուծմանը հնարավոր է հասնել բացառապես Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման դեպքում։
Պաշտոնական հայտարարություններ և դիրքորոշումներ
03.03.2014 – Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էյնուլա Մադաթլըն հայտարարեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ մնում է անփոփոխ. Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը որևէ դեպքում չպետք է խախտվի։ «Մենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության կողմնակից ենք։» [3]
14.03.2014 –Ներկայիս Թուրքիայի Վան քաղաքում Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև Ուկրաինայում ստեղծված իարվիճակը։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Ադրբեջանը կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Նա հավելեց, որ Տարածքային ամբողջականության հարցը շատ կարևոր է Ադրբեջանի համար։ [4]
15.03.2014 – Ադրբեջանական մեջլիսի մի խումբ պատգամավորներ և քաղաքական ուժերի ղեկավարներ հանդես եկան փորձագիտական կարծիքով և անդրադարձան մարտի 16-ին Ղրիմում անցկացվելիք հանրաքվեի լեգիտիմությանը։ [5]
ԱՀ Մեջլիսի պատգամավոր Հասիմ Մոլլազադե – Նախևառաջ նշեմ, որ Ղրիմը այնպիսի տարածքային կոնֆլիկտների տրամաբանական շարունակությունն է, ինչպիսիք են Արցախը, Աբխազիան և Օսեթիան։ Իհարկե, ես գտնում եմ, որ Ղրիմի հանրաքվեն բացարձակ ապօրինի է և խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Ադրբեջանը կողմ է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։
Սոցիալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արազ Ալիզադե – Եթե ժամանակին ԱՄՆ-ն չմասնատեր Հարավսլավիան և խախտելով միջազգային օրենքները չճանաչեր անջատողական Կոսովոյի անկախությունը, ապա Ղրիմի այժմեական հանրաքվեի հարցը դրված չէր լինի այսպես սուր։ Այս հանրաքվեից հետո կա մեծ վտանգ, որ նմանատիպ գլխացավանքի առաջ կհայտնվի նաև ադրբեջանական ժողովուրդը, քանի որ նմանօրինակ հանրաքվե անցկացնելու մտահաղացում կարող է առաջանալ նաև Ղարաբաղում։
ԱՀ Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիև-Ղրիմի թաթարներն այսօր դժվարին կացության մեջ են։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է պատմության ողջ ընթացքում։ Նրանք ևս իրավունք ունեն որոշել իրենց ճակատագիրը. մնալ Ուկրաինայի կազմու՞մ, թե՞ միանալ Ռուսաստանին։ Թեպետ այսօր Ղրիմի բնակչության մեծամասնությունը էթնիկ ռուսներ են, այդուհանդերձ Ղրիմը թաթար ժողովրդի պատմական հողն է։
Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա միանշանակ է, որ դրա անցկացումը անհիմն է և ոչ օրինական։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ղրիմի և Արցախի միջև զուգահեռներ տանելը ճիշտ չէ, քանի որ այդ երկու կոնֆլիկտների հիմքում ընկած են պատմական տարբեր գործոններ։

ԱՀ Մեջլիսի պատգամավոր Այդըն Միրզա-զադե – Ադրբեջանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ մշտապես կողմ է հանդես գալու միջազգային նորմերի պահպանմանը։ Դրանք են՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը։
18.03.2014 – Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանելով մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն՝ հայտարարեց, որ Ադրբեջանը կողմ է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը՝ այդ երկրի սահմանադրության շրջանակներում։ Ադրբեջանը բազմիցս հնչեցրել է իր տեսակետը կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Ըստ այդմ՝ Ադրբեջանը հարգանքով է մոտենում տարածքային ամբողջականության հարցերին, քանի որ մեր երկիրն ինքն է բախվել ագրեսիայի, ինչն էլ հանգեցրել է ադրբեջանական հողերի «բռնազավթմանը»։[6]

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *