«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, ուշադրությունը վերջին օրերին Ղրիմի վրա է, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և հանրաքվե է անցկացրել՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։
Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։ Մարտի 16-ի հանրաքվեցին հետո ստեղծված իրավիճակին ավելի լավ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը։
17:00-Ղրիմի մարտի 16-ի հանրաքվեից հետո Ուկրաինան այժմ երկրորդ անգամ հայտարարում է մոբիլիզացիայի մասին։ Ուկրաինան մասնակի մոբիլիզացիա է հայտարարել՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը և ՌԴ-ի՝ Ուկրաինայի «ներքին գործերին խառնվելու հանգամանքը»։ Համաձայն նախագահի հրամանագրի՝ մոբիլիզացիայի են ենթակա հիմնականում Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների վերահսկողության ներքո շրջանները։
12։35 ” Ռուսաստանյան ԿամԱԶ ավտոարտադրողն իր պաշտոնական կայքով հայտարարել է, թե Ուկրաինայում զինված անձինք ապօրինի կերպով առգրավել են ընկերության բեռնատարների խոշոր խմբաքանակ։ ԿամԱԶ-ը որոշել է Ուկրաինայի Չերնիգով քաղաքում վաճառքի հանված իր 50 ավտոմեքենաները տեղափոխել Ղազախստան, սակայն դրանցից 7-ը չի հաջողվել դուրս բերել Ուկրաինայից։ Զինված անձինք, որոնց ընկերությունը ներկայացնում է որպես «մայդանի ինքնապաշտպանության մարտիկներ», արգելել են բեռնատարները դուրս բերել Ուկրաինայից և դրանք վերադարձրել են Չերնիգովի պահեստ։ Ըստ ԿամԱԶ-ի՝ զինված անձինք ընկերության ներկայացուցիչներին ասել են, թե «այս քայլին են գնում, քանի որ Ռուսաստանը խլում է Ղրիմը, իրենք էլ կվերցնեն այս բեռնատարները»։
***
12:15 ” Մարտի 16-ին Սևաստոպոլում նկատվել են ռուսաստանյան Բալ 3Կ60 (ռուս՝ Бал 3К60 ) հականավային հրթիռային համալիրները։ Շարասյունն անցել է Սևաստոպոլ քաղաքի փողոցներով՝ մեկնելով տեղակայման վայր։ Ափամերձ հատվածում տեղակայվող շարժական հականավային հրթիռային համալիրների Խ-35Է հրթիռները կարող են խոցել թիրախներ մինչև 120 կմ հեռավորության վրա։ Ռուսաստանի զինուժի կազմում է ընդգրկել 2008 թվականին։
***
12։10 ” Ռուսական դրոշներով մի խումբ ուկրաինական Դոնեցկ քաղաքի մուտքի մոտ կանգնեցրել է ուկրաինական զինված ուժերի շարասյունը։ Մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք ռուսական դրոշներով կանգնել են շարասյան դիմաց և թույլ չեն տվել անցնել։ Բացի այդ, ճանապարհի վրա ցուցարարները նաև ավտոմեքենաներով արգելապատնեշ են կազմել։ Ինչպես երևում է մարտի 15-ին համացանցում տեղադրված տեսանյութից, ուկրաինական բանակի զինվորական շարասյունը շրջվել է և հեռացել՝ ակցիայի մասնակցիների հետ ընդհարման չգնալով։
***
12։00 ” Մարտի 14-ին Բահչիսարայի մոտակայքում հաջողվել է լուսանկարել ՌԴ զինված ուժերի ավտոշարասյունը։ «Ռոյթերս» գործակալության լուսանկարներից հայտնի է դարձել, որ ավտոշարասյան կազմում եղել են նաև Պանցիր-Ս1 (ռուս՝ Панцирь-С1) զենիթահրթիռային հրանոթային համալիրներ։ Թեև ավտոմեքենաների պետհամարանիշները հանված են եղել, սակայն կասկած չկա, որ դրանք պատկանում են ռուսաստանյան զինուժին։
Պանցիր-Ս1. ՌԴ ԶՈւ
***
11։50 ” Կերչում նկատվում են ռուսաստանյան զինուժի բեռնատարներ քարշակվող հրանոթներով։ Համացանցում հայտնված նկարներից մեկում ԿամԱԶ-6350 բեռնատարն է ու Մստա-Բ հրանոթը, տեղեկացնում է kerch.com.ua-ն։
Հրետանին՝ Կերչում
***
11:45 ” Ղրիմում արդեն իսկ ամփոփում են մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքները։ Համաձայն պաշտոնական տվյաների՝ դրան մասնակցել է Ղրիմի բնակչության 82.71 տոկոսը։ Ընտրատեղամասերը փակվել են Ուկրաինայի ժամանակով 20։00-ին, ներկա տվյալներով՝ քվեարկողների 96.6 տոկոսը կողմ են արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն։