Ղրիմում արդեն իսկ ամփոփում են մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքները։ Համաձայն պաշտոնական տվյաների՝ դրան մասնակցել է Ղրիմի բնակչության 82.71 տոկոսը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ընտրատեղամասերը փակվել են Ուկրաինայի ժամանակով 20։00-ին (երևանյան ժամանակով՝ 22։00-ին), ներկա տվյալներով՝ քվեարկողների 96.6 տոկոսը կողմ են արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելու համար, 3.4 տոկոսը՝ դեմ, քվեաթերթիկների 100 տոկոսն արդեն դիտարկված է։
Այս մասին հայտարարել է Ղրիմի ինքնահռչակ խորհրդարանի՝ քվեարկության կազմակերպման գծով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը։
Նկատենք, որ տվյալներում ընդգրկված չէ Սևաստոպոլ քաղաքը, որն ունի պետական նշանակություն և ըստ էության Ղրիմի ինքնավարության կազմում ներառված չէ։ Սևաստոպոլում հանրաքվեն առանձին է անցկացվել։ Դրա արդյունքները շուտով պաշտոնապես կհրապարակվեն։
Հիշեցնենք, որ քվեարկողները պետք է ընտրեին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։
Նշենք, որ ավելի վաղ Ղրիմի ինքնահռչակ կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտարարել էր՝ հանրաքվեն արդեն կայացած է, իսկ փոխվարչապետի խոսքերով՝ Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու վերաբերյալ պաշտոնական հայցը կազմվելու է այսօր՝ մարտի 17-ին։
Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները, սակայն, հրաժարվում են ընդունել հանրաքվեի արդյունքները, իսկ Ուկրաինայի սահմանադրական դատարանը մարտի 11-ին հակասահմանադրական էր ճանաչել Ղրիմի խորհրդարանի որոշումը հանրաքվեի անցկացման վերաբերյալ։ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթին հրաժարվել է դիտորդներ ուղարկել հանրաքվեին, քանի որ դրա անցկացումը համարում է անօրինական։Հանրաքվեն ապօրինի են հռչակել նաև ԵՄ ներկայացուցիչները։
Հետևելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությանը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 16-ին հեռախոսազրույց են ունեցել Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Ըստ աղբյուրի՝ Օբաման հավաստիացրել է՝ Ղրիմի հանրաքվեն անցել է ՌԴ ռազմական ճնշման ներքո, հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը և երբևէ չի ընդունվելու թե´ միջազգային հանրության, թե´ ԱՄՆ-ի կողմից։ Օբաման սպառնացել է նաև միջազգային մակարդակի պատժամիջոցներով և արգելափակումներով, ինչն էլ ԱՄՆ-ն ու Կանադան մասամբ արդեն իրականացնում են շաբաթներ առաջ։
Սակայն, Կրեմլի մամուլի ծառայությունն այլ կերպ է ներկայացնում հեռախոսազրույցը։ Համաձայն այս աղբյուրի՝ Պուտինն ու Օբաման քննարկել են Ղրիմի հանրաքվեից հետո ձեռնարկվելիք գործողությունները, իսկ Պուտինը հավաստիացրել է՝ Ղրիմի հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ-ի սկզբունքներին, ըստ որոնց էլ ազգերն իրավունք ունեն ինքնորոշվելու։
Հավելենք, որ Ղրիմում ցույցեր էին սկսվել, երբ Ուկրաինայում կենտրոնական իշխանությունները փոխվել էին փետրվարին կայացած հեղափոխությունից հետո։ Ղրիմի ռուս բնակչությունը, որը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 60 տոկոսը, հրաժարվել էր ենթարկվել նոր իշխանություններին՝ դրանց համարելով ոչ լեգիտիմ։ Ղրիմում ստեղծվել էր ինքնավարության ՌԴ-ի անմիջական աջակցության շնորհիվ։
Կարևոր է նշել, որ Ղրիմում ծավալվող իրադարձությունների ընթացքում արևմտյան աղբյուրները բազմիցս հիշատակել էին՝ Ղրիմի տարածքում տասնյակ հազարն անցնող ռուսաստանցի զինծառայողներ են, ՌԴ-ն ոտքի է թերակղզում իր ունեցած ռազմական ներուժը, սակայն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ շոյգուն կտրականապես հերքել էր, որ «առանց տարբերանշանների այդ զինծառայողները» որևէ առնչություն ունեն Ռուսաստանի զինված ուժերի հետ, նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր՝ ՌԴ-ն անհրաժեշտություն չի տեսնում Ղրիմում իր զորքերի օգտագործման համար։
Ամփոփելով ընդհանուր պատկերը՝ կարող ենք եզրակացնել՝ ստեղծված իրավիճակում եթե Ղրիմն անգամ չընդգկրվի էլ ՌԴ-ի կազմում, ինչը քիչ հավանական է, այնուհանդերձ, ՌԴ-ի քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցությունը և վերահսկողությունը տարածաշրջանում զգալիորեն աճեց։ ՌԴ Պետական դումայից շտապել են հայտարարել՝ հնարավորինը ձեռնարկելու են Ղրիմի հայցը կարճ ժամկետում քննարկման դնելու և հաստատելու ուղղությամբ։
Իրադարձությունների զարգացումը ցույց կտա՝ արդյոք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սպասվելիք պատժամիջոցներն կկարողանան ազդել իրավիճակի վրա։