Ուկրաինան Տ-72 տանկերի արդիականացման նոր տարբերակ է առաջարկել Հնդկաստանին

Ուկրաինական Ուկրօբորոնպրոմ պետական գործակալությունը Հնդկաստանում անցկացված Defexpo-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Տ-72 հիմնական մարտական տանկի համալիր արդիականացման նոր տարբերակ։

Արդիականացման արդյունքում տանկի վրա նախատեսված է տեղադրել կրակի կառավարման նոր համակարգ ու նավիգացիոն սարքավորումներ։

Տանկի վրա կտեղադրվեն նաև յուրային ռազմական տեխնիկան ճանաչելու համար նախատեսված  «Պարոլ-Մ» համակարգ, նոր ռադիոկայաններ, հրամանատարի ու նշանառու-օպերատորի դիտման սարքավորումներ, ինֆրակարմիր ճառագայթումը գրանցող սարքեր, սպառազինության կայունացման համակարգեր ու բորտային համակարգիչ։

Տ-72 տանկի արդիականացման սխեմատիկ պատկերը։ Նկարը andrei-bt.livejournal.com բլոգից

Տանկի սպառազինությանը կավելացվեն «Կոմբատ» կառավարվող հրթիռներ, որոնք կարձակվեն տանկի թնդանոթից։ Իսկ տանկի աշտարակի վրա կամրացվի 12,7 մմ զենիթային հեռակառավարվող գնդացիր։

Տանկի աշտարակի հետին մասում կավելացվի թնդանոթի կրակոցների լիցքավորման ավտոմատացված հանգույց, որում արկերը կտեղավորվեն թնդանոթի փողի հետ համապատասխան անկյամբ՝ հեշտացնելու համար արագ լիցքավորումը։

Տանկի վրա կտեղադրվի 6ՏԴ-2 շարժիչ, որն ունի 1200 ձիաուժ հզորություն։ Կտեղադրվի նաև նոր փոխանցման տուփ, որը կունենա առաջ ընթացքի 7 ու հետ ընթացքի 5 արագություն։ Կկատարելագործվեն նաև տանկի ղեկավարման սարքավորումները։

Տանկի 4 կողմերում կտեղադրվեն մեկական տեսախցիկներ, որոնք ցույց կտան տանկի շուրջբոլորը։ Տանկի պաշտպանվածության մակարդակի բարձրացման նպատակով աշտարակի առջևի ու հետևի մասերում կտեղադրվեն լազերային ճառագայթման հայտնաբերման սարքեր։ Տանկի 4 կողմերում կտեղադրվեն նաև ռադիոէլեկտրոնային պայթարի միջոցներ, որոնք կհակազդեն հակառակորդի արձակած կառավարվող հրթիռներին ու կշեղեն դրանց ուղղությունը։

Տանկի իրանի ու աշտարակի առջի հատվածներում կամրացվեն դինամիկ պաշտպանության «Նոժ-Լ» արկղիկներ, ինչպես նաև տանկի վրա կտեղադրվեն ակտիվ պաշտպանության «Զասլոն» համակարգեր։ Ականներից պաշտպանվելու համար տանկի տանիքին կտեղադրվեն ռադիոալիքների միջոցով ականները հայտնաբերելու ու պայթեցնելու համար նախատեսված «Գարանտ» համակարգեր։

Տանկի վրա կտեղադրվի նաև օդափոխիչ, որը նախատեսված է ոչ միայն անձնակազմի հարմարավետության, այլև տանկի սարքավորումների ջերմաստիճանի կարգավորման համար։

Այս փոփոխությունները ուկրաինացի մասնագետները առաջարկում են կատարել ոչ միայն Հնդկաստանի սպառազինության մեջ առկա Տ-72 տանկերի վրա, այլև հնդկական Arjun ու նախագծման փուլում գտնվող FMBT (Future Main Battle Tank, թարգմ՝ Ապագայի հիմնական մարտական տանկ) տանկերի վրա։ Արդիականացման տարրերից մի քանիսը ուկրաինական ընկերությունն առաջարկում է տեղադրել նաև խորհրդային/ռուսաստանյան ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների վրա, որոնցից կան Հնդկաստանի սպառազինության մեջ, ինչպես նաև Հնդկաստանում նոր նախագծվող FICV (Future Infantry Figjting Vehicle) հետևակի մարտական մեքենաների ու այլ զրահատեխնիկայի վրա։

Զրահատեխնիկայի արդիականացումից բացի, ուկրաինական կողմն առաջարկել է նաև զրահատեխնիկայի նոր վարժասարքեր ու անձնակազմերի ուսուցման նյութեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *