Սիրիայի կառավարական ուժերը հետ են գրավել Լիբանանի հետ սահմանին կից Յաբրուդ քաղաքը

Սիրիայի կառավարական ուժերը գրանցել են հերթական հաջողությունը: Մարտի 16-ին նրանց հաջողվել է հետ գրավել զինյալների տեղակայման ամենախոշոր կայաններից մեկը երկրում՝ Լիբանանի հետ սահմանին կից, մայրաքաղաք Դամասկոսից հյուսիս ընկած Յաբրուդ քաղաքը:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում տալով արաբական «ալ Մայադին» հեռուստաընկերությանը, կառավարական զորքերն արդեն սկսել են քաղաքի բնակելի թաղամասերի մաքրման և ականազերծման աշխատանքները:

Ըստ աղբյուրի, Բաշար Ասադի կողմնակիցներին հաջողվել է նաև փակել Լիբանանից զինյալներին ուղարկվող զենք-զինամթերքի ու պարենի ուղիները: Զինյալներն էլ իրենց հերթին նահանջել են  Դամասկոսից 60 կմ հեռավորության վրա լեռնային շրջաններում տեղակայված Ֆլիթ և Ռանքուրս քաղաքները:

Հիշեցնենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ 2011 թվականի գարնանից։ Այս ընթացքում սպանվել է շուրջ 140 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *