Բախտ եմ ունեցել 19 ամիս մեր սահմանն իմ զենքով անառիկ պահել. Հայկ Հարոյան

Արդեն երկար ժամանակ է, ինչ Ռազմինֆոյի ուշադրության կենտրոնում զորացրված երիտասարդներն են: Ներկայացնում ենք, թե ինչպիսի տպավորություններով են տղաները վերադառնում բանակից: Այս անգամ մեր զրուցակիցը Երևանից Հայկ Հարոյանն է: Նա ծառայել է Պաշտպանության բանակում:

Հայկ Հարոյանը երդման արարողության ժամանակ

Հայկ Հարոյանը երդման արարողության ժամանակ

Հայկը մասնագիտությամբ ծրագրավորող է, բանակից վերադարձել է սերժանտի զինվորական կոչումով:

Խնդրում եմ տեղափոխվել 2011 թվական` Ձեզ տվեցին բանակ զորակոչվելու այդ թուղթը: Ի՞նչ էր կատարվում Ձեզ հետ, ի՞նչ էիք զգում:

Ճիշտն ասած` ինչ-որ յուրահատուկ զգացողություն չունեի, որովհետև, ճիշտ է` գիտեի, որ գնում եմ, բայց դե մի բան է իմանալ, որ գնում ես, մեկ այլ բան, թե ուր ես գնում: Անկեղծ ասած երկու տարբեր բաներ էի զգում, նախ` չէի ուզում բաժանվել ինձ արդեն հարազատ կյանքից, մյուսը՝ ուրախ էի, որ գնում եմ ու պետք է ծառայեմ: Իհարկե, վերջում արդեն պարզ էր, որ պարտադիր էր ծառայելը:

Մի բան է ծառայության մասին վաղօրոք ինչոր կարծիք կազմելը (հիմնականում ընկերների, շրջապատի պատմություններով), մեկ այլ բան, երբ ինքդ սեփական մաշկիդ վրա ես զգում: Բանակային առաջին օր, տպավորությունների մասին կպատմե՞ք:

Գիտեք` տարբեր մարդիկ ծառայել են տարբեր տեղեր, եթե նույնիսկ նույն տեղում, ապա ոչ մեկի ծառայությունը մյուսին նման չէ: Իմ ծառայության առաջին օրը զորամաս հասանք երեկոյան, բայց առաջին օրը ինչ-որ յուրահատուկ հիշելու բան չկա, քանի որ դեռ չես գիտակցում` որտեղ ես, ինչ է քեզ սպասվում: Գնացինք ճաշարան, ապա վերադարձանք զորանոց, իսկ հետո մեզ տեղավորում էին, թե ով որտեղ պետք է քնի:

Երբ համազգեստը տվեցին, ինչոր բան փոխվե՞ց, միգուցե պարտավորեցրեց:

Ինչ-որ տեղ` այո, դա նշանակում էր, որ այդքան տարբեր տեղերից ու տարբեր դաստիարակություններով եկածներս պետք է ընտանիք լինեինք, մի թիմ, սակայն ես ինձ պարտավորված որպես այդպիսին զգացի այն օրը, երբ կանգնեցի դիրքում որպես դիրքապահ:

Հայկ, երբ իմացաք արդեն, որ ծառայելու եք սահմանապահ զորամասում, ի՞նչ կատարվեց:

Զգացողություններս միանշանակ չէին կարող հիասթափեցնող լինել: Միշտ էլ ասել եմ`եթե ծառայել, ապա ծառայել սահմանին…

Արդյո՞ք Ձեր պատկերացումների բանակն ու իրական ծառայությունը համընկան:

Օ, իհարկե, ոչ: Ես բանակը պատկերացնում էի ընկերներիս ծառայության մասին պատմություններով, մի քիչ ֆիլմերից, մի քիչ Զինուժից, բայց միանշանակ իրական ծառայությունը լրիվ այլ էր:

Ավելի լավը, թե՞ ավելի վատը:

Դե գիտեք` պատմություններում ավելի լավ կամ վատ չի լինում: Պատմում են միայն հիշարժան դեպքերը, ֆիլմերով կամ հեռուստատեսությամբ կրկին լավ ու վատ կարծիք չես կարող կազմել: Դրա համար կդժվարանամ պատասխանել` ինչպես էի պատկերացնում ու ավելի լավ ստացվեց թե հակառակը: Կարող եմ ասել, որ կյանքի անչափ մեծ փորձ ձեռք բերեցի:

Ըստ Ձեզ` 20 տարեկանում բանակ զորակոչվելն առավելություն էր, թե՞ խանգարեց:

Եվ առավելություն էր, և ոչ: Առավելություն էր, քանի որ արդեն 2 տարի մեծ էի ու որոշ բաներ փոքր-ինչ այլ էի մտածում, իսկ խանգարում էր, որ երբ մեծամասնությունը քեզնից փոքր էին լինում ու մտածում էիր,թե ավելի լավ էր նրանց հասակակիցը լինել:

Այն, որ սահմանապահ զորամասում եք ծառայել, ու որ հակառակորդն ընդամենը մի քանի մետրի վրա էր, չէ՞ր անհանգստացնում:

Անձամբ ես որպես այդպիսին անհանգստություն չէի զգում:

Վախ կա՞ր:

Վա՞խ: Դե վախ չի կարող չլինել, ուղղակի երևի քանի դեռ այնտեղ ես, դու սովոր ես այդ լարված վիճակին, քեզ համար դա սովորական է, այդ պատճառով հաշված դեպքեր կարող եմ հիշել, որ անձամբ ես վախ զգացած լինեմ: Եվ հետո երբ դիրքի ավագ ես, դու պետք է ամենաանվախը լինես ու առաջից գնաս:

Հայկ, միգուցե եղել են դեպքեր, երբ հրադադարի ռեժիմը խախտվել է: Մենք` թիկունքում հանգիստ ապրողներս, դրա մասին լրիվ այլ պատկերացումներ ունենք: Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ իրավիճակը սահմանին լարվում է:

Վախենամ էլի կկրկնվեմ, սակայն նույն սկզբունքով, երբ այնտեղ ես` առաջին գծում կանգնած, կրակոցներն առօրյայի մաս են կազմում: Երբ նոր ես դիրքերում, ինչ-որ հետաքրքրությամբ ես սպասում կրակոցի, որովհետև այդքան լսել ես, հիմա հետաքրքիր է իրականում լսել, ականատես լինել, իսկ հետո այդ ամենը դառնում են առօրյայի մի մաս, սովորական մի բան, ինչպես դուք ամեն օր լսում եք ավտոմեքենաների ազդանշանները:

Իրականում չես կարող հասկանալ, թե այնտեղ հիմա ինչ վիճակ է, կհասկանա այն մարդը, ով կանգնել է առաջին գծում:

ՀայԿ Հարոյանն բանակային ընկերոջ հետ Հայկն աջից

ՀայԿ Հարոյանն բանակային ընկերոջ հետ
Հայկն աջից

Դիրքի ավագ լինելը մեծացրել է Ձեր ուսերի վրա դրված պատասխանատվությունը, այդպես է չէ՞:

Այո, տվյալ դեպքում վերադառնամ Ձեր անհանգստության մասին հարցին: Անհանգստություն կա, քանի որ բոլորի համար դու ես պատասխանատու, և դա արդեն անհանգստանալու առիթ է: Բայց մի բան ասեմ, հնարավոր է շատ ծայրահեղական բան համարեք, բայց մի իմաստուն մարդ ասել է, թե պատերազմն ամենագեղեցիկ բանն է աշխարհում, որտեղ չկա ոչ մի ձևականություն, միայն կյանք կամ մահ, ուրիշ ոչինչ: Երևի հենց այդ նույն պատճառով բոլորն էլ դիրքերում հանգիստ են:

Իսկ ինչպե՞ս էր ստացվում «ղեկավարել» անհանգստությունն ու այն չփոխանցել մյուսներին, ինչոր տեղ էլ դեռ անփորձ զինծառայողներին:

Ընդհանրապես ես որպես մարդ փակ եմ քաղաքացիական կյանքում, դե զինվորականում առավել ևս: Շատ դեպքերում դժվար է ինձնից եզրակացնել ես ինչ եմ զգում, երևի միայն ինձ շատ մոտիկ մարդիկ կարող են դա զգալ, այնպես որ այդ հարցում խնդիրներ չեն եղել:

Ի՞նչը կփոխեիք բանակում:

Ի՞նչը կփոխեի: Դժվար հարց է, գիտեք: Չեմ սիրում խոսել մի բանից, որին տիրապետում եմ ոչ լրիվ մակարդակով: Իսկ բանակի հարցերին ես չեմ համարում, որ տիրապետում եմ այնքան, որ կարողանամ ինձ թույլ տալ խոսել, թե ինչը կփոխեի: Գիտեք` ամեն ինչ սահմանված է, ուղղակի մնում է այդ ամենին հետևել, որ կատարվի:

Իսկ գո՞հ էիք զինվորսպա հարաբերություններից:

Գոհի կամ դժգոհի հարց չկա: Չկա մի այնպիսի ընտանիք, որում տարաձայնություններ չլինեն: Նույնն էլ մեր այդ ընտանիքն էր, ես կարող եմ վստահ ասել մի բան, որ ոչ մի սպա իր զինվորի վատը չի ցանկանում:

Սնունդից գո՞հ էիք:

Այո, չնայած առաջին 10-15 օրը գրեթե բան չեմ կերել, անսովոր էր տան ուտելիքը փոխել բանակայինով, սակայն հետո սովորեցի ու կարող եմ վստահ ասել, որ իրոք սնունդը շատ լավն էր, նույնիսկ ես 5 կիլոգրամ հավաքել էի բանակում, իսկ դա ինձ համար ռեկորդային թիվ էր: (Ժպտում է)

— 2013թվականին կանանց հնարավորություն տրվեց սովորել ռազմական բուհերում: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում կանանց զինծառայությանը:

Եթե կինը կամ աղջիկը գտնում է, որ պետք է սովորի ռազմական գործ կամ նա սիրում է այդ գործը, ինձ մնում է ուղղակի հարգել այդպիսի մարդկանց, քանի որ այսօր գտնել այն զբաղմունքը, որը քեզ ամենահոգեհարազատն է, շատ դժվար է: Ու նաև կուրախանամ, որ բանակում արդեն կլինեն գեղեցկուհի հրամանատարներ: (Ժպտում է)

Այսինքն Դուք նորմա՞լ եք վերաբերում, որ տղամարդկանց աշխարհ կանայք են մտնում:

Ինձ չի թվում, որ բանակը տղամարդկանց աշխարհ է: Երբ Աստված չանի պատերազմ սկսվի, նույն կանայք գնալու և լսելու են, մենք դրան մի անգամ չէ որ ականատես ենք եղել:

Դուք 3 տարի առաջ և հիմա, շա՞տ եք փոխվել:

Այո, բավականին շատ: Ես սովորել եմ շփվել մարդկանց հետ, ճանաչել նրանց շատ արագ, տարբերակել մարդկանց տիպերը, սովորել եմ այնպիսի դժվարությունների միջով անցնել, որ չարժի էլ պատմել: Եվ վերջապես, եթե ինձ 3 տարի առաջ հարցնեիք` ինչ եմ արել իմ կյանքում, ապա կամ չէի պատասխանի, կամ չէի իմանա, թե ինչ պատասխանեմ: Իսկ հիմա միանշանակ գիտեմ ինչ պատասխանել՝ ես կանգնել եմ սահմանին ու հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել 19 ամիս մեր սահմանի մի 300 մետրն իմ զենքով անառիկ պահել ու եթե պետք լինի, էլի կանեմ:

Հետաքրքիր ինչոր բան կպատմե՞ք բանակային կյանքից:

Դիրքերում մյուս գումարտակի մի դասակ մեր դիրք էր եկել ինժեներական աշխատանքների և մթնշաղին խրամատի մյուս ծայրում կանգնած զինվորին դրել էին հետախույզի տեղ և տագնապ տվել, բայց վերջում տեսանք, որ իրականում մերոնցից էր:

Մի անգամ էլ ՊԲ-ից ստուգումների էին եկել իմ դիրք և սկսեցին տարբեր պարտականություններ հարցնել դիրքի ամբողջ անձնակազմին, վերջում գնալուց մեր վաշտի հրամանատարին ասել են, թե դուք նախապատրաստվել կամ հատուկ լավ իմացող զինվորներին էիք հավաքել դիրքում, որպեսզի բոլոր հարցերին լավ պատասխանեն: (Ժպտում է)

Հետբանակային ադապտացիան ինչպե՞ս ստացվեց:

Սկզբից մի քիչ դժվար էր, թվում էր` ամեն ինչից հետ եմ մնացել ու դժվար էլ հասնեմ մյուսներին, սակայն ինչպես ասում են` ժամանակն իրենն արեց: Երևի մի ամիս էլ չանցած հարմարվեցի:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, ովքեր այսօր հսկում են մեր սահմանները:

Դժվար է բառերով արտահայտել, խորհուրդ կտամ, որ միշտ ուշադիր կանգնեն, չվախենան: Դիրքում առաջին թշնամիդ վախն է, պետք է թույլ չտաս քեզ հաղթի: Ինչ էլ որ լինի, մտածեն, որ պետք է տուն գան ու գիտակցեն, որ իրենց շնորհիվ է, որ հիմա ես հանգիստ նստած Ձեր հարցերին եմ պատասխանում: Կցանկանամ առողջություն, արիություն և բարի վերադարձ դեպի հայրական օջախները: Իսկ ինչպես ասում է Հախվերդյան Ռուբենը «…իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը, մահվան հետ գիշեր են լուսացնում…»:

Զրուցեց` Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները` Հայկ Հարոյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *