Խորհրդակցություն ՊՆ-ում կրթական ոլորտի պատասխանատուների հետ

ՀՀ ՊՆ-ում մարտի 11-ին անցկացվել է համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կրթական և ռազմական ոլորտի պատասխանատուներ։

Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով խորհրդակցությանը, կարևորել է ռազմական բուհերի կառուցողական համագործակցությունը բարձրագույն այլ կրթօջախների հետ.

«Հանդիսանալով ՀՀ կրթական համակարգի օրգանական կարևոր տարրերից մեկը, ռազմակրթական համակարգը ևս անցավ կայացման ու զարգացման փուլեր, որի արդյունքում ձևավորվեց և սկսեց հայրենական արժեհամակարգով դաստիարակված սպայական կադրերի պատրաստման կայուն գործընթացը: Այն ճանապարհը, որ այլ պետությունների ռազմական բուհերն անցան 100 տարիների ընթացքում, մեր ռազմակրթական համակարգն անցավ շուրջ 10 տարվա ընթացքում և հասավ միջազգայնորեն մրցունակ աստիճանի: Դրա վկայությունն են, իհարկե, միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում մեր սպայական կազմի գարծողությունները, որոնք միջազգային համապատասխան կառույցների բնութագրմամբ մրցունակ են և շատ դեպքերում օրինակելի: Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նաև քաղաքացիական բուհերի հետ արդյունավետ համագործակցությամբ, սակայն այսօր առաջ է եկել այդ համագործակցությանը նոր որակ և ընթացք տալու անհրաժեշտություն»,-իր խոսքում նշել է պաշտպանության նախարարը։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ պաշտպանության և կրթության նախարարությունների միջև համագործակցության մեծ փորձ է կուտակվել, և քաղաքացիական կրթության ոլորտում ձեռք բերված արդյունքները ռազմական կրթության և զինված ուժերի ոլորտում կիրառելու նոր հնարավորություններ են ստեղծվել:

Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են համատեղ կրթական ծրագեր իրականացնելու վերաբերյալ իրենց առաջարկները: Կարևորվել է Երևանի պետական բժշկական համալսարանում գործող ռազմական բժշկության ֆակուլտետի գործունեությունը։ Նշվել է նաև, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը կարող է աջակցել զինված ուժերի համակարգին՝ պատրաստելով ռազմական թարգմանիչներ:

Խորհրդակցության ավատրին պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների միջև «Միջբուհական համագործակցություն» ծրագրի մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *