Արգենտինան ծրագրում է գնել շահագործումից դուրսբերված իսրայելական կործանիչներ

Արգենտինայի օդուժի հրամանատարությունը հետաքրքրված է Իսրայելի ռազմաօդային ուժերի շահագործած Kfir C.10 կործանիչների գնմամբ։ Israel Aerospace Industries իսրայելական ընկերության հետ հավանական պայմանագրի արժեքը 200-280 մլն ԱՄՆ դոլար է։

Kfir C.10

Kfir C.10

Ինչպես հաղորդում է ռազմական վերլուծական «Ջեյնս» հանդեսը, հղում տալով Արգենտինայի պաշտպանության նախարար Ագուստին Ռոսսիի խոսքերին, կործանիչների գնումը թերևս կիրականացվի 2015-ի դեկտեմբերից ոչ ուշ, երբ Արգենտինայի օդուժի շահագործումից դուրս կբերվեն Mirage III մարտական ինքնաթիռները։

Նկատենք, որ ենթադրյալ պայմանագրի շրջանակներում գնված Kfir C.10 կործանիչները պետք է արդիականացում անցնեն պատվիրող կողմի պահանջներին համապատասխան, սակայն թե ինչ աստիճանի է լինելու արդիականացումը, չի հաղորդվում։

Նշենք նաև, որ դեռևս 2014-ի հունվարի սկզբին հայտնի էր դարձել՝ Արգենտինայի ՊՆ-ն հրաժարվել է Իսպանիայից Mirage F1M կործանիչներ գնելուց։ Ըստ արգենտինացի զինվորականների՝ ինքնաթիռներ գնելու շուրջ բանակցությունները «փակուղի էին մտել»։ Իրականում բրիտանական կողմը ստիպել է Իսպանիային, որ հրաժարվի Արգենտինայի հետ կնքած գործարքից։

Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան դեռևս 1980-ականների սկզբից տարածքային վեճ ունի Արգենտինայի հետ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ, իսկ Արգենտինային վաճառվելիք կործանիչների կառուցման ժամանակ օգտագործվել են բրիտանական արտադրության սարքավորումներ ու մասեր։
Այնուհանդերձ, իսրայելական Kfir կործանիչներն էլ իրենց հերթին դժգոհությունների տեղիք են տվել շահագործող երկրներում։

Իսրայելը դուրս է բերել Kfir-ներն իր զինուժի շահագործումից 2013-ի հունիսին՝ հայտարարելով, որ վաճառքի է հանում դրանք։ Kfir-ները շահագործվում են հիմնականում Շրի Լանկայում, Էկվադորում, Կոլումբիայում։ Էկվադորն այս պահի դրությամբ կորցրել է 5 Kfir, բոլորն էլ ավիավթարների պատճառով։

Մասնավորապես, աղմկահարույց էր այն միջադեպը, երբ երկրի ռազմաօդային ուժերի տարելիցի ավիաշքերթի օրը Kfir կործանիչներից մեկը վայր ընկավ օդում բարդ պիլոտաժային մանևրներ կատարելիս. մահացել էր ոչ միայն օդաչուն, այլև 8 քաղաքացիական անձ։

Kfir-ի մասնակցությամբ վերջին վթարն էլ գրանցվել էր 2014-ի փետրվարի 18-ին. Կոլումբիայի ՌՕՈւ Kfir կործանիչը վայր էր ընկել անհայտ պատճառներով, օդաչուներից մեկը մահացել էր։

Դեռևս 2009-ի հուլիսին Կոլումբիան կորցրել էր ևս մեկ Kfir կործանիչ ավիավթարի հետևանքով, երկու օդաչուներն էլ մահացել էին։ 2013-ի սեպտեմբերի 27-ին կոլումբական նույն տիպի ինքնաթիռը կրկին վայր էր ընկել, այս անգամ օդաչուներին հաջողվել էր փրկվել։

Kfir կործանիչն ունի 2440 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի հեռավորությունը՝ 1300 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 14670 կգ, երկարությունը՝ 15.65 մ, բարձրությունը՝ 4.55 մ, թևի բացվածքը՝ 8.21 մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *