Մի-28Ն ուղղաթիռների շարժիչների արտադրությունն Ուկրաինայից կտեղափոխվի Ռուսաստան

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չի անդրադառնա ռազմական արդյունաբերության այն արտադրատեսակների վրա, որոնց բաղկացուցիչներն արտադրվում են ուկրաինական գործարաններում։Դա վերաբերում է նաև Մի-28Ն հարվածային ուղղաթիռներին։ Այս մասին ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի պատասխանատուներից մեկը։

Աղբյուրի խոսքով՝ Ռուսաստանի սահմաններից դուրս, բայց ռուսաստանյան զինված ուժերի համար ռազմական արտադրանք տվող ձեռնարկությունների հնարավորինս մեծ մասը նախատեսվում է տեղափոխել ՌԴ տարածք՝ արտադրության կայունության բարձրացման և այլ գործոններից կախվածության թուլացման նպատակով։

Առաջնահերթ խնդիրներից է նաև Մի-28Ն Նոչնոյ օխոտնիկ (Ми-28Н Ночной охотник, թարգմ.՝ գիշերային որսորդ) հարվածային ուղղաթիռների ՎԿ-2500 (ռուս.՝ ВК-2500) շարժիչների արտադրության տեղափոխումը ռուսաստանյան ձեռնարկություններ։ Ներկայումս դրանք արտադրվում են Ուկրաինայի Մոտոր սիչ (ուկր.՝ Мотор сич) գործարանում, իսկ այդ երկրում ծայր առած իրադարձությունները լավագույնս ապացուցեցին, որ ռազմական արտադրանքի կախվածությունն այլ երկրներից անհրաժեշտ է հասցնել նվազագույնի։

Նոչնոյ օխոտնիկ հարվածային ուղղաթիռի շարժիչների արտադրության տեղափոխումը Ռուսաստան նախատեսվում է ավարտել 2015-2016 թվականներին, ինչից հետո կդրվի նշաձող՝ արտադրել տարեկան 300-ից 320 հատ ՎԿ-2500 շարժիչ։ Դրանցից շուրջ 250-ը լինելու են ՌԴ պաշտպանության նախարարության կարիքների համար։ Մնացած խմբաքանակը կմատակարարվի օտարերկրյա պատվիրատուներին։

Մի-28Ն ուղղաթիռների ՎԿ-2500 շարժիչների ամբողջական ծավալների արտադրությունը Ռուսաստանում նախատեսվում է իրականացնել Սանկտ Պետերբուրգի գործարաններից մեկում, որի նոր արտադրամասի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2014-ի ամռանը։ Գործարանն այժմ արտադրում է տարեկան շուրջ 100 շարժիչ։

Նշենք, որ Մի-28-Ն Նոչնոյ օխոտնիկ հարվածային ուղղաթիռը նախատեսված է հակառակորդի տանկերի, զրահատեխնիկայի, կենդանի ուժի, ինչպես նաև օդային փոքր թիրախների  ոչնչացման համար։ Անձնակազմը բաղկացած է օդաչուից և նշանառու օպերատորից։ Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ առավելագույն արագություն։ Սպառազինությունում ունի 30 մմ-անոց հրանոթ, օդ-օդ և օդ-մակերևույթ դասի կառավարվող հրթիռներ, ինչպես նաև չկառավարվող հրթիռներ՝ հակառակորդի կենդանի ուժը խոցելու համար։ Մեկ ուղղաթիռի շուկայական գինը մոտ 8 միլիոն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *